«Բավարիայի», Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գնահատել է երկրպագուների ազդեցությունը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի վրա։ Կրոսն ասել է, որ իր համար ավելի կարևոր է երկրպագուների հարգանքը, քան տիտղոսներ նվաճելը։
«Երկրպագուների զգացմունքներն ավելի արժեքավոր են, քան տիտղոսները: Դա կմնա ինձ հետ իմ կյանքի մնացած ժամանակահատվածում: Խոսքը ոչ միայն այն տիտղոսների մասին է, որոնք ես նվաճել եմ «Ռեալում» 10 տարվա ընթացքում, այլ նաև այլ բանի: Տարիների ընթացքում ես նկատել եմ, որ իմ խոսքը ինչ-որ բան է նշանակում: Ես միշտ ասել եմ, որ եթե հնարավորություն ունենայի կարիերաս ավարտելու որպես «Ռեալի» խաղացող, դա կանեի»,- Կրոսի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։
Կարիերայի ընթացքում 35-ամյա Կրոսը հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում», Լևերկուզենի «Բայերում» և «Ռեալում», ինչպես նաև սովորել է Հանսա Ռոստոկի և Գրայֆսվալդի ակադեմիաներում։ 754 պաշտոնական հանդիպումներում կիսապաշտպանը խփել է 73 գոլ և կատարել 166 գոլային փոխանցում։ Կրոսն իր ակումբային կարիերայի ընթացքում նվաճել է 33 տիտղոս, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի 6 տիտղոս։ Գերմանիայի հավաքականի կազմում Կրոսը 114 խաղում խփել է 17 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում և 2014 թվականին հաղթել աշխարհի առաջնությունում։