ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտվեց Վրաստանի ընտրանուն 0:3 հաշվով: Առավոտից Երևանում իրարանցում էր․ վրացի երկրպագուները Հանրապետության հրապարակում իրենց համար իսկական տոն էին դարձրել։
Վրացի լրագրող Սալոմե Խարատիշվիլին Երևանում տեսել է վրացի երկրպագուներով լեփ-լեցուն փողոցներ, ֆուտբոլային էյֆորիա և փոխադարձ հարգանք երկու ժողովուրդների միջև:
«Հայաստան-Վրաստան խաղը հայտնի դառնալուն պես վրացի երկրպագուները սկսեցին պատրաստվել Երևան այցին: Առավոտից նրանք լցրին քաղաքի փողոցները՝ ծածանելով դրոշներ և կրելով հավաքականի մարզաշապիկներ:
Անձրևոտ օրերից հետո երկրպագուները խաղի օրը արևով տաքացած քաղաքի պատմական փողոցներում էին։ Շատերի համար սա Հայաստան առաջին այցն էր, և նրանք զարմացած էին՝ բացահայտելով հարևան երկիրը:
Հայ քաղաքական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտը գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածներից ոչ հեռու: Մարզադաշտի շրջակայքը շրջապատված է առևտրային օբյեկտներով և բնակելի շենքերով: Հետին պլանում տասնամյակներով լքված, ավերակների վերածված լողավազանն ու սպորտային համալիրը հաճելի տպավորություն չեն թողնում:
Ոչ հեռու՝ Հրազդան գետի ափին, գտնվում է համանուն «Հրազդան» մարզադաշտը, որը հայտնի է վրացի փորձառու երկրպագուներին և տեղավորում է 54 հազար հանդիսական: Հիմնական պատճառը, թե ինչու նման տարողությամբ մարզադաշտը չի օգտագործվում այսպիսի խաղերի համար, ՈւԵՖԱ-ի անվտանգության նորմերին չհամապատասխանելն է:

Տեսանյութը՝ Lelo.ge-ի
Երևանի առօրյա կյանքը երեկոյան փոխարինվեց ֆուտբոլային էյֆորիայով: Վրացի երկրպագուների երթը Հանրապետության հրապարակից մինչև մարզադաշտ՝ երգերով և կոչերով, հաճելի զարմանք առաջացրեց տեղացիների մոտ:
Քաղաքը, որտեղ Խորհրդային Միության հետքերը դեռ վառ զգացվում են ճարտարապետության մեջ և առօրյայում, երեկոյան ընկղմվեց ֆուտբոլային աղմուկի մեջ: Կովկասյան դերբին ոչ թե կոպիտ մրցակցություն էր, այլ փոխադարձ հարգանք, որը երկու երկրների քաղաքացիներն արտահայտում էին ամբողջ օրվա ընթացքում:
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում վրացի սպորտային լրագրողների մեծ թիվը ընդգծում էր կովկասյան դերբիի նկատմամբ բարձր հետաքրքրությունը: Աշնան անհաջող շարքից հետո բոլորը սպասում էին Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի, ինչն ուներ իր տրամաբանական բացատրությունը՝ Եվրոպայի առաջնության փորձը և վրացիների հաջողությունները Եվրոպայի առաջատար լիգաներում և ակումբներում մեր թիմը դարձնում էին փլեյ-օֆֆի ֆավորիտ: Սպասելիքները արդարացան առաջին իսկ խաղում:
Մրցակիցը կենտրոնական գծից պաշտպանական պատ առաջարկեց: Թվում էր, թե Խվիչա Կվարացխելիայի բացակայությունը առաջին 30 րոպեներին ծանրացրել էր մեր թիմի վիճակը, սակայն մրցակիցը չկարողացավ գերիշխել կամ օգտվել այդ իրավիճակից:
Մենք տեսանք երեք գոլ՝ մեկը մյուսից գեղեցիկ: Կոչորաշվիլիի ավանդական «Կապիտան Ամերիկան», Գիորգի Մամարդաշվիլիի առաջին գոլային փոխանցումը և այդ դրվագի վերջաբանը՝ Գիորգի Միկաուտաձեի խելացի խաղը, որն արժանի էր ֆուտբոլի իսկական երկրպագուի ծափերին:
Մենք տեսանք թիմային խաղի հիանալի օրինակ, երբ Գիորգի Չակվետաձեն, մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, գոլային փոխանցում կատարեց ավելի հարմար դիրքում գտնվող Միկաուտաձեին: Մենք տեսանք Վրաստան, որը յուրաքանչյուր խաղային դիրքում գիտակցաբար էր գործում և ամեն քայլով ցույց էր տալիս իր խաղային որակի գերակայությունը: Մենք տեսանք վրացիների ֆրանսիացի գլխավոր մարզչի ժպտացող դեմքը, ով խաղից հետո մամուլի ասուլիսում ուրախությամբ պատասխանում էր հարցերին: Մենք տեսանք ուրախ երկրպագուներ և պատասխան խաղի սպասում»։