Իսպանական «Բարսելոնան» մոտ ապագայում երեք նոր խանութ կբացի։ Ինչպես հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, լիցենզավորման և մերչենդայզինգի բիզնեսի զարգացման ծրագրի շրջանակում կբացվեն երեք ակումբային խանութներ։
Դրանցից առաջինի բացումը տեղի կունենա մարտի 29-ին Թբիլիսիում (Վրաստան): Նշվում է, որ Վրաստանի մայրաքաղաքի խանութը կդառնա նաև կապտանռնագույնների առաջին արտասահմանյան խանութը։ Ապրիլի 1-ին խանութ կբացվի նաև Մալագայում։ Երրորդ խանութը կբացվի Պալմա դե Մալյորկայի օդանավակայանում։ Միջոցառումը նախատեսված է ամռանը։ Բացի այդ, հաղորդվում է, որ Թբիլիսիի խանութը գտնվելու է Վրաստանի մայրաքաղաքի պատմական կենտրոնում։
2018 թվականի հունիսից «Բարսելոնան» ուղղակիորեն վերահսկում է ակումբի ապրանքային բիզնեսը՝ նպատակ ունենալով վերականգնել ապրանքանիշի ամբողջական վերահսկողությունը և օգտագործել իր առևտրային իրավունքները՝ մանրածախ աճի իր պլանն առաջ մղելու համար: