Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի առաջընթացի մասին։
«Չուամենին շատ ուժեղ բնավորություն ունի, նա ուժեղ անհատականություն է: Նա աշխատասեր է, լուրջ և պրոֆեսիոնալ։ Օրելիենը շատ լավ է վերաբերվում քննադատությանը: Նա հիմա բավականին լավ է խաղում գնդակով: Մենք պետք է փորձարկեինք նրան առանց գնդակի, և նա տպավորիչ է։ Մոդրիչ-Չուամենի զույգը շատ լավն է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Այս մրցաշրջանում Չուամենին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո։