«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի «Bajo Los Palos» փոդքաստում խոսել է «Ռեալ Մադրիդ»-«Բարսելոնա» հակամարտության մասին։
Պիկեն, ով միշտ սրել է այս բանավեճը, զարմացրել է՝ ասելով. «Հասկանում եմ, որ մարդիկ կարող են «Ռեալը» ավելի մեծ ակումբ համարել։ Տիտղոսների քանակով վիճել հնարավոր չէ»։ Նա նշել է, որ «արքայական ակումբն» ունի ավելի շատ տիտղոսներ, ինչը փաստացի առավելություն է տալիս մադրիդյան կողմին։
Միաժամանակ, նա ընդգծել է «Բարսելոնայի» յուրահատուկ խաղային ոճը, որը պատմության մեջ կմնա որպես գեղեցիկ ֆուտբոլի օրինակ, իսկ «Ռեալի» հաղթանակներից շատերը հիշվելու են միայն որպես արդյունք։
Նա նաև ընդգծել է, որ մրցակցությունը պետք է լինի մարզական՝ առանց ատելության և բռնության։ «Սիրում եմ նման բանավեճերը, քանի դեռ դրանք չեն անցնում սահմանները։ «Ռեալը» և «Բարսան» միմյանց պետք են։ Նրանց մրցակցությունը «Էլ Կլասիկոն» դարձրել է աշխարհի ամենասպասված հանդիպումներից մեկը»,- եզրափակել է Պիկեն։
Աղբյուրը՝ Cadena Ser