«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Թուրքիայի առաջնության 25-րդ տուրի «Գալաթասարայի» հետ հանդիպումից հետո (0:0) գովեստի խոսքերն է հնչեցրել խաղը սպասարկող մրցավարական անձնակազմի վերաբերյալ։ Հանդիպումը սպասարկում էր մրցավարական թիմը՝ սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։
«Շատ լավ հանդիպում էր մրցավարի հիանալի աշխատանքի շնորհիվ։ Նա բավական ազնիվ էր։ Եթե Թուրքիայում մրցավարները նայեն այս խաղը սպասարկող Վինչիչի աշխատանքին, ինքնաքննադատեն ու ասեն՝ ես ուզում եմ նրա պես մաքուր և արդար գործել, ապա մրցաշրջանի ավարտը հետաքրքիր կլինի։ Եթե շարունակվի այն կրկեսը, որը տեսնում ենք տարեսկզբից, ամեն ինչ այլ կերպ կլինի։
Խաղից հետո ես մտա մրցավարի սենյակ և ասացի․ շնորհակալ եմ, որ եկաք այստեղ և սպասարկեցիք այս կարևոր հանդիպումը: Այնտեղ թուրք մրցավար կար. ես շրջվեցի դեպի նա և ասացի, եթե այս հանդիպումը թուրք մրցավար սպասարկեր, աղետ կլիներ։ Նրանք շատ ուժեղ են ընդհատակյա ռազմավարություններում»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Fanatik-ը։
Նշենք, որ խաղից հետո «Գալաթասարայը» հայտնել էր պորտուգալացի մասնագետի դեմ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պաշտոնական բողոքներ ուղարկելու մտադրության մասին։