Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 20-ին, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ միմյանց հետ կմրցեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Յուրա Մահտեսյանը:
Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Fast Sports-ի և ՀՖՖ յութուբյան ալիքի ուղիղ եթերում:

Պատմական փաստեր
Ամենաշատը՝ 10 անգամ, Հայաստանի սուպերգավաթակիր է հռչակվել «Փյունիկը»: Երևանյան ակումբին հաջորդում է «Շիրակը»՝ նվաճած 6 տիտղոսով: Երրորդ լավագույն արդյունքը գրանցել է «Ալաշկերտը», որը որոշիչ խաղում հաղթել է 3 անգամ, 2 անգամ էլ «Միկան» է հասել հաջողության: Հայաստանի Սուպերգավաթի մեկական տիտղոս են նվաճել «Արարատը», «Ուրարտուն», «Ցեմենտը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»:
Ֆոտբոլիստներից էլ ամենատիտղոսակիրն Արտակ Եդիգարյանն է, որը Հայաստանի սուպերգավաթակիր է ճանաչվել 5 անգամ: Եվս 4 ֆուտբոլիստ՝ Հովհաննես Թահմազյանը, Կարեն Ալեքսանյանը, Արամ Հովսեփյանը և Տարոն Ոսկանյանը, տիտղոսը նվաճել է 4 անգամ: