«Սանտոսի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ֆուտբոլիստն անձամբ է հայտնել «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային Կատալոնիա վերադառնալու իր ցանկության մասին։ Նշվում է, որ Նեյմարը պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման՝ «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
Աղբյուրը նշում է, որ բրազիլացու գլխավոր նպատակը գումարը չէ, այլ 2026 թվականի աշխարհի առաջնությանը լավագույն մարզավիճակով մոտենալը։
Այնուամենայնիվ, նշվում է, որ «Բարսելոնայում» դեռևս որոշում չկա՝ արժե՞ արդյոք պայմանագիր կնքել վնասվածքների հակված Նեյմարի հետ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում հանդես է եկել 2013-ից 2017 թվականներին։