Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բրյուգեն» սեփական հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ (2:1):
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց բելգիական ակումբի հարձակվող Ֆերան Յուտգլան։ Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ՝ 41-րդ րոպեին, հյուրերից պատասխանեց խորվաթ կիսապաշտպան Մարիո Պաշալիչը։
Խաղի հաղթական գոլը 90+4-րդ րոպեին հեղինակեց տանտերերի շվեդ հարձակվող Գուստավ Նիլսոնը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։