Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է 2024/2025 թվականների Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (3:2) պաշտպանական գծի խաղից՝ կիսվելով հիմնական կազմի երկու խաղացողների ապաքինման մասին տեղեկություններով։
«Մենք այսօր լավ էինք պաշտպանվում, և այն հազվագյուտ պահերին, երբ կորցրինք մեր հանգստությունը և սկսեցինք բարձր ճնշում գործադրել, մրցակիցը խնդիրներ ստեղծեց մեզ համար։ Սա կարևոր դաս է մեզ համար։ Բայց ես այսպես կասեմ՝ այսօրվա պաշտպանական գիծը երբեք միասին չի խաղացել, ավելին կասեմ՝ նրանք երբեք նույնիսկ միասին չեն մարզվել, բայց փայլուն խաղացին.. Բայց, կարծում եմ, պատասխան խաղի համար մեզ պետք են Ռյուդիգերն ու Ալաբան։ Մինչ այդ նրանք պետք է խաղադաշտ վերադառնան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին խաղում «սերուցքայինների» պաշտպանությունում հանդես են եկել Ֆեդերիկո Վալվերդեն, Օրելիեն Չուամենին, Ռաուլ Ասենսիոն և Ֆերլան Մենդին։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում փոխարինման դուրս եկավ մեկ այլ պաշտպան՝ Ֆրան Գարսիան։
«Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում փետրվարի 19-ին։