Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատասխանել է մադրիդյան ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերին՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղից հետո հանդես գալով հայտարարությամբ։ Հիշեցնենք, որ «սերուցքայինները» արտագնա հաղթանակ տարան 3։2 հաշվով։
«Ես դեռ ոչինչ չգիտեմ (Սաուդյան Արաբիայի առաջարկների մասին.-Խմբ.), ինձ հետ ոչ ոք չի խոսել, ես պետք է խոսեմ նախագահի հետ։ Ես միշտ ասել եմ, որ իմ ցանկությունն է շարունակել կարիերաս «Ռեալում» և պատմություն կերտել այստեղ։ Առաջիկա օրերին ես կավարտեմ բանակցությունները մադրիդյան ակումբի հետ իմ նոր պայմանագրի շուրջ։ Հուսով եմ, որ երկար կմնամ այստեղ»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Վինիսիուսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Նրան, ըստ լուրերի, առաջարկել են տարեկան 15 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները՝ նրան և Մադրիդի «Ռեալին» առաջարկելով ամենաթանկ պայմանագիրը համաշխարհային ֆուտբոլում։ Վինիսիուսի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ:
Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Մադրիդյան գրանդում հանդես գալու ընթացքում 24-ամյա բրազիլացին մասնակցել է 295 հանդիպման և դարձել 101 գոլի և 84 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Վինիսիուսն ակումբի կազմում անցկացրած 31 խաղում, ներառյալ Միջմայրցամաքային գավաթը, խփել է 17 գոլ և կատարել 12 արդյունավետ փոխանցում։