Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը հուզիչ կերպով հրաժեշտ է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբին։
«Շնորհակալություն բոլորին «Ալ-Հիլալում», ինչպես նաև ակումբի երկրպագուներին։ Ես ամեն ինչ արել եմ խաղալու համար և ափսոսում եմ, որ մենք ավելի մեծ հաջողություններ չկարողացանք գրանցել խաղադաշտում։ Շնորհակալություն, Սաուդյան Արաբիա, որ դարձար իմ և ընտանիքիս նոր տունը, տվեցիր նոր փորձառություններ և տպավորություններ։
Այժմ ես ճանաչում եմ իսկական Սաուդյան Արաբիան և ունեմ ընկերներ ամբողջ կյանքի համար։ Ես միշտ զգացել եմ ձեր սերն ու կիրքը խաղի հանդեպ։ Ես կհետևեմ ձեր ակումբի և երկրի ճանապարհին մինչև 2034 թվականը։ Ձեր ապագան կլինի անհավանական, այստեղ տեղի են ունենում առանձնահատուկ բաներ»,- գրել է Նեյմարն Instagram-ի իր էջում։
32-ամյա բրազիլացի հարձակվողը պաշտոնապես լքեց «Ալ-Հիլալը»։ Կողմերը որոշել են լուծարել պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ։ Նեյմարը մեկնել է Բրազիլիա բուժզննում անցնելու և բրազիլական «Սանտոսի» հետ պայմանագիր կնքելու համար։