Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը հաղթեց բրազիլացի Ռենատո Մոյկանոյին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի ունեցավ Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ)։
Մենամարտն ավարտվեց առաջին ռաունդում, երբ ռուս մարտիկը հաջողությամբ խեղդող հնարք կիրառեց մեջքի վնասվածք ստացած հայ մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած Մոյկանոյի նկատմամբ։ Այսպիսով, Մախաչևը UFC-ի թեթև քաշային կարգում չորրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը։
Մախաչևի հաղթանակների շարքը UFC-ում հասավ 15-ի։ Անպարտելիությամբ Իսլամը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Կամարու Ուսմանին։
UFC-ում ավելի երկար հաղթանակների շարք ունեն միայն Անդերսոն Սիլվան (16) և Ջոն Ջոնսը (20):
Մախաչևը չեմպիոնի գոտին նվաճել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Չարլզ Օլիվեյրային։ Հետագայում նա հաղթել է Ալեքսանդր Վոլկանովսկուն երկու անգամ և 2024 թվականի հունիսին հաղթել Դասթին Պորյեին։
33-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն։ Մոյկանոյի ակտիվում կա 20 հաղթանակ, մեկ ոչ-ոքի և վեց պարտություն։
Բոլոր մենամարտերի արդյունքները․
- Իսլամ Մախաչևը հաղթեց Ռենատո Մոյկանոյին խեղդող հնարքով առաջին ռաունդում։
- Մերաբ Դվալիշվիլին հաղթեց Ումար Նուրմագոմեդովին մրցավարների միաձայն որոշմամբ։
- Իրժի Պրոխազկան հաղթեց Ջամալ Հիլլին տեխնիկական նոկաուտով երրորդ ռաունդում։
- Ժայլտոն Ալմեյդան հաղթեց Սերգեյ Սպիվակին տեխնիկական նոկաուտով առաջին ռաունդում։
- Ռեյնիեր դե Ռիդերը հաղթեց Քևին Հոլանդին խեղդող հնարքով առաջին ռաունդում։
- Ռաոնի Բարսելոսը հաղթեց Փեյթոն Թալբոթին մրցավարների միաձայն որոշմամբ։
- Ազամատ Բեկոևը հաղթեց Զաք Ռիսին նոկաուտով առաջին ռաունդում։
- Բոգդան Գուսկովը հաղթեց Բիլլի Էլեկանային խեղդող հնարքով երկրորդ ռաունդում։
- Գրանտ Դոուսոնը հաղթեց Դիեգո Ֆերեյրային մրցավարների միաձայն որոշմամբ։
- Այլին Պերեսը հաղթեց Կերոլ Ռոսային մրցավարների միաձայն որոշմամբ։
- Մուին Գաֆուրովը հաղթեց Ռինյա Նակամուրային մրցավարների միաձայն որոշմամբ։
- Բերնարդո Սոպայը հաղթեց Ռիկի Թուրսիոսին մրցավարների միաձայն որոշմամբ։
- Տագիր Ուլանբեկովը հաղթեց Քլեյթոն Կարպենթերին մրցավարների միաձայն որոշմամբ։