«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը РБ Спорт-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը կարող է լինել իր ազգականը։
— UFC-ի սիրահար չեմ, բայց գիտեմ, որ շատ շուտով մրցելու է Արման Ծառուկյանը։
— Նա Ձեր բարեկա՞մն է։
— Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ։ Ընտանիքում ոմանք ասում են, որ մենք ազգականներ ենք։ Ասում են, որ մեր ազգականները նույն գյուղից են եղել։ Դժվար է ասել, առայժմ թողնենք այս հարցը։ Ես հակված եմ կարծել, որ ազգակցություն չկա։ Պարզապես այնպես է ստացվել, որ մեր ազգանունները նույնն են։ Օրինակ՝ Հայաստանում կա նաև (քաղաքական գործիչ) Գագիկ Ծառուկյան։
— Այնուամենայնիվ, Դուք ծնվել եք Ստավրոպոլում, իսկ նա՝ Վրաստանում։
— Վրաստանում կա մի շրջան, որտեղից դուրս են եկել Արմանի ազգականները։ Բայց թե՛ իմ, և թե՛ իր ազգականներն այնտեղից են, այդ պատճառով էլ ազգակցության խոսակցություններ կան։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարի շրջանակում մրցելու է Իսլամ Մախաչևի հետ։ MMA-ի իր կարիերայի ընթացքում Իսլամը տոնել է 26 հաղթանակ և կրել մեկ պարտություն, իսկ Ծառուկյանի հաշվին կա 22 հաղթանակ և 3 պարտություն։