Բրազիլացի հարձակվող Նեյմարը CNN-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «անհավատալի» կլինի կրկին խաղալ իր նախկին թիմակիցների՝ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ։
MSN եռյակը (Մեսսի, Սուարես, Նեյմար) երեք մրցաշրջանի ընթացքում գերիշխում էր եվրոպական ֆուտբոլում, իսկ «Բարսելոնան» նրանց շնորհիվ պատմական տրեբլ է նվաճել։ Նեյմարը, որը 2017 թվականին տեղափոխվել է ՊՍԺ ռեկորդային գումարով, այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբում։
Նեյմարը նշել է, որ Մեսսիի և Սուարեսի հետ կրկին ելույթ ունենալն անչափ հետաքրքիր կլիներ։ «Մենք դեռ շփվում ենք իրար հետ։ Ֆուտբոլը լի է անակնկալներով, և ինչու ոչ՝ մի օր կարող ենք կրկին խաղալ միասին»,- ասել է Նեյմարը։
Նեյմարը նաև պնդում է, որ Սաուդյան պրոֆեսիոնալ լիգան ավելի ուժեղ է, քան Ֆրանսիայի Լիգա 1-ը: Նա նաև ակնկալում է մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը, որը կարող է լինել իր վերջին մրցաշարը:
Նեյմարը նշել է, որ իր նպատակն է վերջին անգամ մասնակցել ԱԱ-ին և անել ամեն ինչ Բրազիլիայի համար, քանի որ դա իր վերջին հնարավորությունն է դառնալ աշխարհի չեմպիոն: