2024 թվականը դարձավ առաջին տարին, երբ կոռոնավիրուսի բոլոր սահմանափակումները վերացվեցին մեծ սպորտային միջոցառումներից։ Սա նշանակում էր, որ երկրպագուները վերադարձան Օլիմպիական խաղերին, իսկ ֆուտբոլասերները կարողացան լիովին վայելել Եվրոպայի առաջնությունը:
Իսպանիայի հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի հավաքականը 2024 թվականին կրկին նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով Անգլիայի հավաքականին 2:1 հաշվով: Հատկանշական է, որ իսպանացիներն այս հաջողությունն արձանագրեցին երիտասարդ աստղ Լամին Յամալի օգնությամբ, ով դարձավ պատմության ամենաերիտասարդ խաղացողը և գոլի հեղինակը: Իսպանիայի հավաքականն այժմ ունի Եվրոպայի չորս չեմպիոնական տիտղոս՝ շրջանցելով Գերմանիային։
Օլիմպիական խաղերը Փարիզում
Փարիզում տեղի ունեցած Օլիմպիական խաղերը բազմաթիվ քննարկումներ առաջացրեցին, սակայն միջոցառումն անցավ առանց լուրջ միջադեպերի։ Խաղերի կազմակերպումն արժեցել է մոտ 9 միլիարդ եվրո, բայց կազմակերպիչները հայտարարեցին 26.8 միլիոն եվրոյի եկամուտի մասին: Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջատար դարձավ ԱՄՆ-ը՝ 126 մեդալով: Փարիզյան Օլիմպիադան առանձնացավ նաև մի շարք ռեկորդներով, ներառյալ շվեդ Արման Դյուպլանտիսի 6,25 մետր ցատկը։
Նադալի հրաժեշտը
2024 թվականի թենիսը հիշվեց երկու դոպինգային սկանդալներով, որոնց մեջ ներառված էին թոփ թենիսիստներ։ Սկզբում արգելված նյութ հայտնաբերվեց աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների մոտ, ապա նաև նախկին առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի մոտ։ Երկուսն էլ խուսափեցին պատժից, ինչը դժգոհություն առաջացրեց բազմաթիվ թենիսիստների շրջանում։ Այնուամենայնիվ, այս իրադարձությունները չկարողացան մթագնել Ռաֆայել Նադալի հրաժեշտը։ Լեգենդար իսպանացին հրաժեշտ տվեց թենիսին նոյեմբերին Մալագայում՝ Դևիսի գավաթի խաղարկության ժամանակ։ 38-ամյա Նադալը 23 տարվա ընթացքում հաղթել է 22 «Մեծ սաղավարտի» մրցաշար։
Ռոդրին ստացավ «Ոսկե գնդակը»
2024 թվականի ֆուտբոլը շատ անակնկալներ մատուցեց. Լևերկուզենի «Բայերը» հաղթեց Գերմանիայի առաջնությունը՝ ընդհատելով «Բավարիայի» 11 տարվա անընդմեջ չեմպիոնությունը, իսկ Յուրգեն Կլոպը հեռացավ «Լիվերպուլից»։ Սակայն ամենամեծ անակնկալը տեղի ունեցավ նոր մրցաշրջանի սկզբում՝ «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ, որը կազմակերպում է ֆրանսիական France Football ամսագիրը։ Տարիներ շարունակ ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցանակի հաղթողը պարզ էր լինում դեռ արարողությունից առաջ, բայց 2024 թվականին ամեն ինչ փոխվեց։
Տարվա ֆավորիտը համարվում էր «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, սակայն վերջինս չներկայացավ արարողությանը՝ միասին իր ակումբի հետ։ Մի քանի ժամ առաջ պարզ դարձավ, որ տարվա լավագույն ֆուտբոլիստը ոչ թե նա է, այլ Ռոդրին։
Ավարտվող 2024 թվականը լեցուն էր անմոռանալի պահերով, հաղթանակներով և հիասթափություններով, որոնք դարձան համաշխարհային սպորտի պատմության անբաժանելի մասը։ Ամեն մի իրադարձություն՝ սկանդալից մինչև փառահեղ չեմպիոնություն, վկայում էր սպորտի ուժի և դրա անընդհատ զարգացման մասին։ 2024-ը մեզ հիշեցրեց, որ սպորտն ավելին է, քան խաղը․ դա հույսի, միասնության և մոլորակի ամենատարբեր անկյուններից մարդկանց միավորելու հզոր միջոց է։