Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։
Ինչպես հայտնում է AS-ը, դեկտեմբերի 26-ին ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը հանդիպել է մարզչի շահերը ներկայացնող իրավաբանների հետ։ Չնայած Լուսանի և դե լա Ֆուենտեի միջև գերազանց հարաբերություններին, կողմերը դեռևս ունեն ֆինանսական տարաձայնություններ, որոնք պետք է հաղթահարել։
Մարզչի տարեկան աշխատավարձը կազմում է 1 միլիոն եվրո, սակայն նրա գործակալները պահանջում են 3 միլիոնից ավելին։ Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) վերջին առաջարկը 2 միլիոն եվրո է։ Սակայն երկու կողմերն էլ լավատեսորեն են տրամադրված, և հնարավոր է, որ նոր պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս։
Վերջերս Իսպանիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում հաղթեց Ռաֆայել Լուսանը։ Սակայն այս որոշումը երկրում մեծ արձագանք առաջացրեց, քանի որ Լուսանին սպառնում է 7 տարվա ազատազրկում՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։