«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է մերսիսայդյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այն նախատեսված կլինի մինչև 2027 թվականը՝ ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան։
Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Մերսիսայդյան ակումբի կազմում եգիպտացին հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, երկրի գավաթում, Չեմպիոնների լիգայում և ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում։
Նախկինում Սալահը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որն Անգլիայի առաջնության չորս անընդմեջ մրցաշրջաններում խփել է 10 և ավելի գոլ և կատարել 10 և ավելի գոլային փոխանցում։ Հարձակվողը դարձել է նաև առաջին խաղացողը, որը կարողացել է առաջնությունում Սուրբ Ծնունդից առաջ «գոլ+ փոխանցում» համակարգով գրանցել 15+10 արդյունք:
Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։