«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Իսպանիայի Պրիմերայի 18-րդ տուրի խաղում կրած պարտությունը, որում կապտանռնագույնները պարտվել են 1։2 հաշվով՝ 90+6-րդ րոպեին բաց թողնելով երկրորդ գնդակը։
«Կարծում եմ, որ թիմն ավելի տխուր է, քանի որ մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք «Ատլետիկոյի» դեմ: Նույնիսկ երկրորդ խաղակեսում մենք ուժեղ էինք, բայց մեր սխալների պատճառով «Ատլետիկոն» պահեր ստեղծեց և երկու գոլ խփեց։
Մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, բայց կարևոր չէ, թե որքան լավ ես խաղում, եթե չօգտագործես քո հնարավորությունները: Կարելի է գեղեցիկ խաղալ, բայց առանց եզրափակիչ հարվածի դժվար է դառնում գոլ խփելը, և դրա համար մենք պարտվեցինք»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: