Մեքսիկական հեռուստատեսության սպորտային մեկնաբան Ֆրանցիսկո Խավիեր Գոնսալեսը հայտնել է, որ հավանականություն կա, որ «Ռայո Վալեկանոյի» և Կոլումբիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է դառնալ մեքսիկական «Քլաբ Ամերիկայի» խաղացող։
«Լուրեր կան, որ Խամես Ռոդրիգեսին կարող է գնել «Ամերիկան»։ Սա խոսակցություն է, մենք դրան հավանություն չենք տալիս, մենք պարզապես խոսում ենք»,- Գոնսալեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ խաղացողը «Ռայո Վալեկանո» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի սկզբում։ Ռոդրիգեսը ճանաչվել է այս ամառվա Կոպա Ամերիկա 2024-ի լավագույն խաղացող, որտեղ Կոլումբիան դուրս է եկել եզրափակիչ ու պարտվել է Արգենտինային (0:1): Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռայո Վալեկանոյի» կազմում մասնակցել է յոթ հանդիպման բոլոր մրցաշարերում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։