«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» հետ խաղում (1:2) իր խաղի մասին:
«Ո՞վ է մեղավոր. Առաջին հերթին՝ ես։ Ես միշտ առաջին հերթին ինձ եմ նայում: Ես բավականաչափ լավ չխաղացի և չօգտվեցի իմ հնարավորություններից: Պետք է ավելի լավ խաղամ: Ես դա հասկանում եմ, պետք է ավելի շատ աշխատեմ և սկսեմ խաղալ նոր մակարդակով, քանի որ հիմա իմ խաղը բավարար չէ հաղթելու համար»,- Հոլանդի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վկայակոչելով TNT Sports-ը։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայում «քաղաքայինների» կազմում անցկացրած վերջին վեց հանդիպումներում ընդամենը մեկ գոլ է խփել։ Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո:
«Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և վեցերորդ տեղում է։ «Լիվերպուլը» 15 խաղից հետո 36 միավորով առաջին տեղում է: