Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Տոնի Կրոսը, ով այս տարի ավարտեց ֆուտբոլային կարիերան, իր Einfach mal Luppen փոդքաստում պատմել է, որ ուզում է որոշ ժամանակ հեռու մնալ հանրային դաշտից։
Տոնին հայտնել է, որ մերժել է առաջիկա մի քանի ամիսների բոլոր առաջարկներն ու հրավերները և պլանավորում է այս ընթացքում չհայտնվել հանրային ուշադրության կենտրոնում։ Հավանաբար, այդ ժամանակահատվածում նրա եղբայր Ֆելիքսը ստիպված կլինի փոդքաստը վարել միայնակ։
«Այս տարին շատ, շատ հագեցած և առանձնահատուկ էր։ Բայց դրա հետ մեկտեղ, ինձ շատ հաճախ էր անհրաժեշտ լինում հայտնվել հանրային վայրերում։ Ցանկացած մարդ, ով ինձ ճանաչում է, կհասկանա, որ դա այն չէ, ինչ ես կուզեի։ Փետրվարից սկսած ես անընդհատ ինձ զգում էի հանրային ուշադրության կենտրոնում։ Ընդհանուր առմամբ, դա հիանալի է, բայց հիմա ուզում եմ որոշ ժամանակով հեռու մնալ դրանից», — ասել է Տոնին։
Հիշեցնենք, որ վերջերս Կրոսը մասնակցել էր Icon League-ի եզրափակիչին: