Մադրիդի «Ատլետիկոն», որն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում 1։0 հաշվով հաղթել է «Խետաֆեին», կրկնել է մեկ կոնկրետ մրցակցի հետ հանդիպումներում անպարտելի շարքի ակումբային ռեկորդը։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոյի» անպարտելի շարքը «Խետաֆեի» հետ հանդիպումներում կազմում է 23 հանդիպում։ Մադրիդի «Ատլետիկոն» 23 հանդիպում անընդմեջ առանց պարտության նման շարք է անցկացրել առաջնությունում 1954-ից 1979 թվականներին «Մալագայի» հետ խաղերում։
Նշենք, որ «Խետաֆեի» հետ դիմակայությունում անցկացրած 23 հանդիպումներից մադրիդցիները հաղթել են 19-ում և միայն չորսում ոչ-ոքի են խաղացել:
Բացի այդ, «Ատլետիկոն» ունի 11 անընդմեջ հաղթանակների շարք բոլոր մրցաշարերում։ Այս պահին Սիմեոնեի թիմը Իսպանիայի առաջնությունում 38 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։ Մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել: