«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան անձնական զրույց է ունեցել Թեո Էրնանդեսի հետ, ում մարզավիճակը վերջին շրջանում գոհացուցիչ չէ։ Պորտուգալացի մարզիչը դժգոհ է Էրնանդեսի խաղային վիճակից։
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, Ֆոնսեկան զրուցել է Էրնանդեսի հետ և պահանջել բացատրել անկման պատճառները։ Էրնանդեսի և Ֆոնսեկայի հարաբերությունները լարված էին դեռ այս տարվա ամռանը, երբ պորտուգալացի մարզիչը ստանձնեց թիմի ղեկը։ Ֆոնսեկան նույնիսկ մի քանի անգամ պահեստայինների նստարանին էր թողել ֆրանսիացուն Ա Սերիայի խաղերում։
Սակայն, պարզվում է, այդ միջոցները հակառակ ազդեցություն են ունեցել։ Էրնանդեսը վերջին շաբաթներին ցուցադրում է շատ թույլ խաղ։
Էրնանդեսը «Միլանի» առանցքային խաղացողներից է դարձել դեռ 2019 թվականին «Ռեալից» տեղափոխվելուց հետո։ Նրա անկումը բացասական ազդեցություն է թողնում ողջ թիմի վրա։ «Միլանը» ընթացիկ մրցաշրջանում 14 տուրից հետո զբաղեցնում է Իտալիայի առաջնության 7-րդ հորիզոնականը։