Չինաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լի Թեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ կաշառք տալու և վերցնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 2015-ից 2021 թվականներին Լի Թեն կաշառք է տվել և ստացել ընդհանուր 120 միլիոն յուանի (16,5 միլիոն ԱՄՆ դոլար) չափով: Դատարանը եկել է այն եզրակացության, որ Լի Թեն կաշառքով «որոշ անձանց ընդգրկել է ազգային հավաքականում», ինչպես նաև աջակցել է ակումբներին հաղթանակներ գրանցել մրցաշարերում և պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ:
47-ամյա Լի Թեն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ իր կատարած հանցագործությունների, այդ թվում՝ կաշառք տալու և ստանալու, ինչպես նաև կաշառք առաջարկելու համար կազմակերպություններին և անձանց, որոնք պետական ծառայողներ չեն:
Լի Թեն եղել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզիչը 2019 թվականի վերջից մինչև 2021 թվականը, որից հետո հրաժարական է տվել։