Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում տարած հաղթանակից հետո խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։ Հանդիպումն ավարտվել է 4։3 հաշվով՝ հօգուտ մադրիդյան ակումբի, իսկ ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ։ Նշենք, որ 62-րդ րոպեին «ներքնակիցները» պարտվում էին 1։3 հաշվով։
«Կան խաղացողներ, որոնք պարզապես տարբերվում են մյուսներից, և Գրիզմանը նրանցից մեկն է: Մենք նրան շատ ենք սիրում, նա մեկն է, ով միշտ տվել է բացարձակապես ամեն ինչ Մադրիդի «Ատլետիկոյի» համար»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդն է։ Թիմը 16 խաղում վաստակել է 35 միավոր։ «Սևիլիան» վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։ «Բարսելոնան» 17 խաղից հետո 38 միավորով առաջին տեղում է: