Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է «Սևիլիայի» հետ Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի խաղում տարած հաղթանակը։ Հանդիպումն ավարտվել է 4։3 հաշվով՝ հօգուտ մադրիդյան ակումբի։ Նշենք, որ 62-րդ րոպեի դրությամբ «Ատլետիկոն» պարտվում էր 1։3 հաշվով։
«Երկրորդ խաղակեսում նրանց երրորդ գոլը իսկապես վնասեց մեզ, բայց թիմը շարունակեց պայքարել՝ խաղ վերադառնալու համար: Հետո մեր երկրորդ գոլը եղավ, փոխարինումները մեզ թափ տվեցին, և մենք շարունակեցինք գրոհել. Լինոյի գոլը և Գրիզմանի անհավատալի հարվածը ստեղծեցին թրիլլեր, որն արժեր դիտել», — Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Մադրիդի «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդն է։ Թիմը 16 խաղում վաստակել է 35 միավոր։ «Սևիլիան» վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։ «Բարսելոնան» 17 խաղից հետո 38 միավորով առաջին տեղում է: