Իտալական «Յուվենտուսը» և թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան դադարեցրել են համագործակցությունը: «Ծեր սինյորան» հայտարարել է 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի խզման մասին:
Թուրինյան ակումբի հայտարարության մեջ ասվում է, որ ֆրանսիացին կդադարի լինել «Յուվենտուսի» խաղացող 2024 թվականի նոյեմբերի 30-ին: Պայմանագիրը կխզվի փոխադարձ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին կիսապաշտպանը չորս տարվա որակազրկում էր ստացել հակադոպինգային կանոնների խախտման համար: 2024 թվականի հոկտեմբերին Պոգբան հաղթեց իր բողոքը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS), որը ֆրանսիացու որակազրկումը չորս տարիներից կրճատեց մինչև 18 ամիս:
Այսպիսով, նա կարող է վերադառնալ թիմի հետ մարզումներին 2025 թվականի հունվարին, իսկ պաշտոնական խաղերում հանդես գալ՝ 2025 թվականի մարտին: Ավելի վաղ մենք հաղորդել էինք, թե ինչու CAS-ը որոշեց կրճատել Պոգբայի որակազրկումը: