«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խոսել է գերմանական «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի մասին։ Իսպանացին մերսիսայդցիների կազմում խաղացել է 2004-2009 թվականներին: «Լիվերպուլի» կազմում Ալոնսոն հաղթել է Չեմպիոնների լիգան և Անգլիայի գավաթը։
«Ինձ դուր եկավ, որ երկրպագուներն այսօր երգեցին իմ պատվին։ Ինձ համար դա միշտ յուրահատուկ է: Բայց ոչ պակաս հաճելի է այն, որ Խաբի Ալոնսոն բուռն ծափահարությունների արժանացավ։ Խաբին առանձնահատուկ մարդ է այս ակումբի համար։ Նա արժանի է մեր երկրպագուների ջերմ ընդունելությանը»,- Սլոտի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Նախօրեին՝ նոյեմբերի 5-ին, Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթել է Լևերկուզենի «Բայերին» (4:0): Մրցաշարային աղյուսակի չորս տուրերի արդյունքներով «Լիվերպուլը» 12 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, գերմանացիները 11-րդ տեղում են՝ վաստակելով յոթ միավոր։