«Լոկոմոտիվը» չի պատրաստվում բաժանվել թիմի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանից, և նրա հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այս մասին «Матч ТВ»-ին է ասել մոսկովյան ակումբի մամուլի ծառայության ղեկավար Արտյոմ Զագումյոնովը:
«Մենք չենք նախատեսում բաժանվել Նաիր Տիկնիզյանից: Վերջին շրջանում մամուլում հայտնված բոլոր տեղեկություններն այս թեմայի շուրջ չեն համապատասխանում իրականությանը: Տիկնիզյանն առանցքային դեր է խաղում «Լոկոմոտիվում», ինչում մենք բոլորս համոզվեցինք բառացիորեն երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում. ըստ վիճակագրական տվյալների՝ Նաիրը մի շարք ցուցանիշներով լավագույնն էր: Մենք նման լուրերը համարում ենք մեր թիմի կայունությունը խարխլելու հերթական փորձ՝ ընթացիկ մրցաշրջանում նրա փայլուն ելույթների ֆոնին», — ասել է Զագումյոնովը «Матч ТВ»-ի թղթակցին։
Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Metaratings.ru-ի թղթակիցն իր Telegram ալիքում հայտնել էր, որ «Լոկոմոտիվը» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Տիկնիզյանին, և մեծ է հավանականությունը, որ Հայաստանի հավաքականի խաղացողը կարող է լքել թիմը ձմռանը: Այնուամենայնիվ, Տիկնիզյանի գործող պայմանագիրը «Լոկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը: Նշվում էր, որ Տիկնիզյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Սելտան» և «Բետիսը»։