Շվեդ Զլատան Իբրահիմովիչը և անգլիացի Ուեյն Ռունին իրենց ժամանակահատվածում ֆուտբոլի լավագույն հարձակվողներից էին համարվում։ Այժմ նրանք ավարտել են կարիերան․ Իբրահիմովիչը դարձել է «Միլանի» սեփականատիրոջ ավագ խորհրդականը, իսկ Ռունին մարզում է Չեմպիոնշիփի «Պլիմուտ» ակումբը։
Ըստ Misfits Boxing-ի պրոմոութեր Մամս Թեյլորի խոսքերի՝ նա փորձում է համոզել Իբրահիմովիչին մասնակցել մենամարտի, իսկ որպես հնարավոր մրցակից տեսնում է Ռունիին։ «Ես փորձել եմ համոզել Զլատանին, և նա կարող է մենամարտել։ Ես լավ հարաբերություններ ունեմ նրա մենեջերի հետ, և մենք երեքով շփվել ենք FaceTime-ով։ Հաճելի զրույց էր, քանի որ նա դիտել էր Misfits-ի բազում մենամարտեր և հետևել դրանց։ Նա եղել է կիկբոքսեր, վստահ եմ՝ նա լավ մարտիկ կլինի»։
Ինչ վերաբերում է Ռունիի մասնակցությանը, Թեյլորն ավելացրել է․ «Կարող եմ ասել, որ Զլատանն ու Ռունին արդեն շփվել են, և կարծում եմ, որ դա ժամանակի հարց է։ Ինչ-որ պահի ամեն ինչ կկայանա։ Կան նաև այլ անուններ, որոնք այդքան հայտնի չեն, որքան այս տղաները»։
Ռունին նախկինում չի թաքցրել, որ սիրում է բռնցքամարտը, և ըստ լուրերի, վերջերս պատրաստ էր իր նորամուտը նշել Misfits-ում։ Իբրահիմովիչն էլ միշտ հետևում է իր ֆիզիկական վիճակին, չնայած այն բանին, որ այլևս չի խաղում։
Ինչ էլ որ լինի, այս ամենը դեռ հնչում է որպես անհավանական երևույթ։ Ամեն դեպքում՝ հետաքրքիր կլիներ տեսնել մենամարտ ճկուն Զլատանի և ծանրակշիռ Ուեյնի միջև։