Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի շրջանակում վաղը կայանալիք խաղից առաջ խոսել է մեր ընտրանու հարձակվող Էդուարդ Սպերցյանի մասին, որը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ վերջին խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:
«Սպերցյանը պատրաստվում է խաղին: Նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Իմ որոշումն էր նրան Ֆարերյան կղզիների հետ խաղին չտանելը: Սպերցյանը ցանկանում էր խաղալ, մեջքի բլոկադա անել, ցավազրկողներ ընդունել ու խաղալ, բայց ես արգելեցի նրան, քանի որ ֆուտբոլիստի առողջության հարցում չեմ կարող ռիսկի դիմել: Նա դեռ երկար կխաղա: Վաղը առավոտյան որոշում կկայացնենք՝ արդյոք Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՞ ոչ: Եթե առողջության հետ կապված խնդիրներ ունենա, չի խաղա»,- ասել է Պետրակովը:
Պետրակովին հարց են ուղղել նաև Ֆարերյան կղզիների հավաքականի հետ խաղի մասին: Մարզիչը խաղից հետո ասել էր՝ շնորհակալություն է հայտնել խաղացողներին նվիրված ֆուտբոլ ցուցադրելու համար: Արդյոք նվիրված խաղալը բավարար չԷ՞ր լինի Ֆարերյան կղզիների հավաքականին հաղթելու համար. «Նկատի ունեք՝ վարպետությունը՞ չհերիքեց: Լուկասը, Ռանոսը ունեցան պահեր, երբ կարող էին պարզապես կասեցնել գնդակն ու գոլ խփել: Այդպիսի խաղերում նման սխալները չեն ներվում: Սա պարզապես ֆուտբոլիստների անհատական վարպետությունն է: Իհարկե, նման մակարդակում միայն նվիրումը բավարար չէ. նաև վարպետություն է անհրաժեշտ, ընդ որում՝ անհատական դրվագներում»,- ասել է մարզիչը: