Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է վճարել աշխատավարձ իր նախկին ֆուտբոլիստներին՝ այժմ ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացողներ Լիոնել Մեսսիին, Ժորդի Ալբային և Սերխիո Բուսկետսին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս ֆուտբոլիստները դեռ ընդգրկված են թիմի աշխատավարձային ֆոնդում: Չնայած, որ նրանք վաղուց լքել են ակումբը, «Բարսելոնան» դեռևս ունի պայմանագրային պարտավորություններ նրանց հանդեպ: Խոսքը գնում է կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանի ընթացքում կուտակված վճարումների մասին:
Նշվում է, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» ամբողջությամբ կմարի Մեսսիի, Բուսկետսի և Ալբայի պարտքը: Պարտքի ընդհանուր գումարը ներառված էր 2020/2021 ֆինանսական տարվա հաշվետվության մեջ, որի արդյունքում «Բարսելոնայի» վնասները կազմել են 481 միլիոն եվրո:
Մեսսին լքեց «կապտանռնագույններին» 2021 թվականի ամռանը, քանի որ Լա Լիգայի կանոնները թույլ չէին տալիս կնքել նոր պայմանագիր կատալոնական թիմի հետ: Բուսկետսն ու Ալբան հեռացան որպես ազատ գործակալներ 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո:
Բացի այդ, «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն դատի է տվել ակումբին՝ իր աշխատավարձից 3 միլիոն եվրոյի չվճարման պատճառով: