Ալվարո Մորատան պատմել է, թե ինչպես է հաղթահարել դեպրեսիան։ Իսպանացին մի քանի ամիս առաջ բախվել է հոգեբանական խնդիրների հետ։
«Ես ինձ շատ վատ էի զգում։ Մտածում էի, որ չեմ կարողանա նորից հագնել խաղակոշիկներս ու դուրս գալ խաղադաշտ: Բայց շնորհակալություն շատ մարդկանց՝ Սիմեոնեից, Կոկեից, Միգել Անխել Գիլից մինչև իմ թերապևտ ու մարզիչ:
Մենք այն ենք, ինչ կարելի է տեսնել հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում, բայց հաճախ դա իրական չէ: Դու պետք է կերտես կերպար, քանի որ դա քո գործն է։
Ես իսկապես վատ ժամանակ եմ ապրել, ես պայթեցի, և եկավ մի պահ, երբ ես չէի կարողանում կապել խաղակոշիկներս, և երբ դա անում էի, ես վազում էի տուն, որովհետև կոկորդս կծկվում էր, տեսողությունս մշուշվում էր:
«Եվրոպայի առաջնությունից երեք ամիս առաջ մտածում էի, թե կկարողանամ նորից գոնե մեկ հանդիպում անցկացնել։ Ես չգիտեի, թե ինչ է կատարվում ինձ հետ, սա շատ բարդ և նուրբ թեմա է։ Սա այն պահն է, երբ հասկանում ես, որ այն, ինչ սիրում ես ամենից շատ աշխարհում, այն է, ինչ ամենաշատն ես ատում: Դժվար է»,- ասել է Իսպանիայի հավաքականի և «Միլանի» հարձակվողը COPE-ին տված հարցազրույցում: