Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) նոր մեղադրանք է առաջադրել «Վեսթ Հեմի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետային, հայտնում է The Sun-ը։
Մայիսին ՖԱ-ն Պակետային մեղադրանք է առաջադրել խաղադրույքների կանոնների խախտումների վերաբերյալ: ՖԱ-ի տվյալներով՝ նախորդ մրցաշրջանում բրազիլացին միտումնավոր դեղին քարտ է ստացել Պրեմիեր լիգայի 4 հանդիպումներում։ Բրազիլիայում մոտ 60 մարդ խաղադրույք է կատարել սրա վրա և շահել մոտ 100 հազար ֆունտ։ Դրա պատճառով 27-ամյա խաղացողին սպառնում է ցմահ որակազրկում։
Ըստ The Sun-ի՝ անցյալ տարի ՖԱ-ն երկու ամսով առգրավել էր Պակետի հեռախոսը, որպեսզի քննիչները կարողանան ստուգել հաղորդագրությունները, զանգերը և բանկային պատմությունը: Դրանից հետո հեռախոսը վերադարձվել է խաղացողին։ Որոշ ժամանակ անց քննությանը կրկին անհրաժեշտ է եղել հեռախոսը՝ որոշ մանրամասներ ճշտելու համար։ Պակետան ասաց, որ սարքը դեն է նետել: ՖԱ-ն այժմ նրան մեղադրում է հետաքննությանը խոչընդոտելու մեջ։
Նշվում է, որ բրազիլացին չի ընդունում իր մեղքը։ Դատավարությունը նշանակված է 2025 թվականի մարտին։
Ընթացիկ մրցաշրջանում Պակետան «մրճահարների» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։