Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը ծաղրել է ՈւԵՖԱ-ի դիրքորոշումն Իսպանիայի ընտրանու պաշտպան Մարկ Կուկուրելյայի ձեռքով խաղի վերաբերյալ Եվրո-2024-ում: Այս մասին տեղեկացնում է 90min-ը։
Եվրո-2024-ի 1/4 եզրափակչի Իսպանիա-Գերմանիա խաղում մրցավար Էնթոնի Թեյլորը 106-րդ րոպեին չի նշանակել 11-մետրանոց հարված գերմանական հավաքականի օգտին այն բանից հետո, երբ Ջամալ Մուսիալայի հարվածից հետո գնդակը դիպել է Մարկ Կուկուրելյայի ձեռքին: VAR-ը չի միջամտել դրվագին: Խաղը ավարտվել է Իսպանիայի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ի վերջո, իսպանացիները հաղթել են մրցաշարը:
Երեկ ՈւԵՖԱ-ն ճանաչել է, որ Գերմանիան պետք է ստանար 11-մետրանոց՝ Կուկուրելյայի ձեռքով խաղի համար:
«Նրանց երեք ամիս էր պետք՝ հասկանալու համար, որ դա ձեռքով խաղ էր, մինչդեռ գրեթե բոլորը դա հասկացան վայրկենապես։ Այդ փաստն ինձ շատ է հանգստացնում:
Հիմա կարո՞ղ եմ ինձ Եվրոպայի չեմպիոն կոչել, քանի որ նրանք պաշտոնապես հաստատեցին դա: Ըստ իս՝ ոչ»,- ծիծաղելով ասել է Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» նախկին կիսապաշտպանը։