Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Շարլ Կաբորեն, ով խաղացել է «Կրասնոդարում» և «Դինամոյում», Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է իր նախկին թիմակիցների՝ Մատվեյ Սաֆոնովի և Էդուարդ Սպերցյանի մասին, որոնք «Կրասնոդարի» ակադեմիայի սաներն են:
Այս մրցաշրջանից 25-ամյա Սաֆոնովը հանդես է գալիս ՊՍԺ-ում, իսկ 24-ամյա Սպերցյանը շարունակում է խաղալ «Կրասնոդարում»:
– Դու խաղացել ես Մատվեյ Սաֆոնովի հետ, ով վերջերս տեղափոխվեց ՊՍԺ: Քեզ զարմացրե՞ց այդ տրանսֆերը:
– Ընդհանրապես ոչ, քանի որ Սաֆոնովը շատ լավ դարպասապահ է: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա գալիս էր մարզվելու հիմնական թիմի հետ, լինելով ակադեմիայի խաղացող, հիանալի սեյվեր էր կատարում: Մենք բոլորս անմիջապես սիրեցինք Մատվեյին, երբ նա միացավ հիմնական կազմին:
– Էդուարդ Սպերցյանը, ով այժմ խաղում է «Կրասնոդարում», նույնպես մարզվում էր հիմնական թիմի հետ, երբ դու այնտեղ էիր:
– Այո, նա երբեմն մասնակցում էր մեր մարզումներին, բայց չէր խաղում հիմնական թիմում: Սպերցյանը ինձ համար որդու պես էր:
– Լուրեր կային, որ Սպերցյանը կարող է հայտնվել Եվրոպայում: Ինչ ես կարծում, կարո՞ղ է նա խաղալ Լիգա 1-ում:
– Իմացել եմ, որ նա կարող է տեղափոխվել «Լանս»: Սպերցյանը արդեն խաղում է Հայաստանի հավաքականում և լավ է հանդես գալիս իր ազգային թիմում: Ուրեմն նա կարող է խաղալ Լիգա 1-ում: Պետք է պարզապես հնարավորություն տալ նրան, քանի որ նա ունի Ֆրանսիայի առաջնությունում խաղալու համար անհրաժեշտ որակները: Նա շատ լավ խաղացող է: Անցյալ տարի նա օգնեց «Կրասնոդարին» զբաղեցնել երկրորդ տեղը առաջնությունում, իսկ հիմա թիմի ավագն է:
– Ո՞րն է Սպերցյանի հետ քո ամենավառ հիշողությունը: Կա՞ն նրա հետ կապված որևէ զվարճալի պահեր:
– Այո, նա մարզվում էր ինձ հետ, և մենք միշտ միասին էինք, երբ նա գալիս էր մեր մարզումներին: Ես նույնիսկ նրան նվիրեցի իմ խաղաշապիկը: Նա իմ փոքր ընկերն էր, ում ես իսկապես գնահատում էի: Դաշտից դուրս մենք հազվադեպ էինք հանդիպում, քանի որ այդ ժամանակ նա ակադեմիայի ֆուտբոլիստ էր:
Կաբորեն «Կրասնոդարում» հանդես է եկել 2015-ից 2019 թվականներին, իսկ հետո, մինչև 2021-ը, խաղացել է «Դինամոյում»: Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս Լիգա 2-ը ներկայացնող «Նյորում»։