Պորտուգալական հեղինակավոր պարբերականներից մեկն անդրադարձել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտային ու թիմի պորտուգալացի ֆուտբոլիստներին։
«Գոնսալու Գրեգորիուն խփեց հայկական թիմի երեք գոլերից մեկը և մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Երեկ Ռուի Մոտան հսկայական քայլ կատարեց «Նոայի» կազմում պատմություն գրելու համար՝ թիմ, որը երբեք չէր կարողացել անցնել եվրոպական մրցաշարերի նախնական փուլերը: Տանը, Սլովենիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ փլեյ-օֆֆի առաջին խաղում, «Նոան» հաղթանակ տոնեց 3-0 հաշվով, ինչը նրանց դարձնում է ֆավորիտ՝ խմբային փուլ դուրս գալու համար։
Ռուի Մոտան միակ պորտուգալացին չէ «Նոայում»: Հայկական թիմը խաղադաշտ դուրս բերեց նաև Գոնսալու Սիլվային, Էլդեր Ֆերրեյրային և Գոնսալու Գրեգորիուին մեկնարկային կազմում: Վերջինս հանդիպման 4-րդ րոպեին խփեց առաջին գոլը՝ օգտվելով Էլդեր Ֆերրեյրայի հարվածից հետո դարպասապահի սխալից: Բրազիլացի Մատեուս Այասը և հայ ֆուտբոլիստ Մանվելյանը ավելացրեցին հաշիվը, և «Նոան» ավարտեց խաղը հաղթանակով։
Գոնսալու Գրեգորիուն այս ընտրական փուլի ընթացքում խփել է 6 գոլ Կոնֆերենցիաների լիգայում, ինչը նրան դարձնում է լավագույն ռմբարկու: Պորտուգալացին նաև մեկ գոլային փոխանցում է կատարել։
Հիշեցնենք, որ «Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում երևանյան թիմն Աբովյանում 3-0 հաշվով հաղթեց Սլովակիայի «Ռուժոմբերոկին»։ Բացի այս, «Նոան» դարձավ եվրոպական 50 թիմերից միակը, որը պայքարը սկսելով որակավորման առաջին փուլից՝ հասել է փլեյ-օֆֆ։ «Ռոժոմբերոկ» — «Նոա» պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 29-ին: