«Բողոքարկումը բավարարելու նախատիպը կա տարբեր սպորտաձևերում, մենք առաջինը չենք լինելու, փորձելու ենք հասնել արդարության, Հայաստանի մեդալը հետ ենք բերելու»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը՝ պատասխանելով որդու՝ Արթուր Ալեքսանյանի՝ ՕԽ-2024-ի եզրափակիչ գոտեմարտի վերաբերյալ բողոքարկման թեմայի մասին հարցին։
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ մեր բողոքարկումը մերժելու բացատրության մեջ նշված օրենքը սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ Նրանցից բարձր կառույցը ՄՕԿ-ն է, որը նույնպես ասել է, որ վերանայելու է դրվագը։ Իսկ նրանցից բարձր սպորտային դատարան ենք դիմելու։
ՀԱՕԿ-ն արդեն բողոքարկումն արել է, մեզնից պահանջվել է լուսանկարներով և տեսանյութով հիմնավորել բողոքը, այստեղից դա կանենք։ Եթե նրանց կայացրած որոշումը մեզ չբավարարեց, արդարությունը չվերականգնվեց, մենք, վստահաբար, գնալու ենք Սպորտային արբիտրաժային դատարան»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Օլիմպիական հավաքականը ժամեր առաջ վերադարձավ Երևան։