Էլինա Ավանեսյանը, որը թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման վարկանիշային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, օգոստոս ամսից սկսած բոլոր միջազգային մրցաշարերում հանդես կգա Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո:
21-ամյա Ավանեսյանը ծնվել է հայ ընտանիքում և խորը կապեր ունի Հայաստանի և հայ մշակույթի հետ՝ ներառյալ իր առաջին պատանեկան մրցաշարի հաղթանակը, որը նա տոնել է Հայաստանում: Էլինան նշել է, որ շատ հպարտ է ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում և հույս ունի մեծ հաջողություններ բերել հայրենիքին:
«Ես շատ հպարտ եմ այսուհետ ներկայացնել Հայաստանը միջազգային առաջնություններում։ Սա բացառիկ հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու իմ արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են ինձ։ Ես նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել «Կերոն» զարգացման հիմնադրամին այս ամբողջ գործընթացում իրենց աջակցության համար: Ես ձգտում եմ մեծ նվաճումների հասնել որպես հայ մարզիկ և ապագայում մեր երկրին զգալի հաջողություններ պարգևել», — ավելացրել է Էլինան:
Նշենք, որ Ավանեսյանը լավատեսորեն է տրամադրված առաջիկա մրցաշարերին, որոնցից առաջինը սկսում է օգոստոսի 11-ին: