Կորոնավիրուսի հիմնական օջախն այսօր Իտալիան է. վերջին մեկ օրում մահացածների թիվն այստեղ ավելացել է 683-ով, որը նախորդ օրվա ցուցանիշից 60-ով պակաս է: Իտալիայում վարակից արդեն 7503 մարդ է մահացել:
Վարակակիրների թվում են նաև «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ու նրա որդին՝ Դանիելը: Երեկ Մալդինին Instagram-ում տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր՝ իրեն լավ է զգում. Մալդինին ու իր տղան հույս ունեն մեկ շաբաթվա ընթացքում լիովին ապաքինվել:
Այսօր Corriere dello Sport-ը Մալդինիի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ նա մանրամասն պատմել է հիվանդության մասին:

«Ինձ վատ չեմ զգում: Ամենավատն արդեն անցյալում է: Դեռ մի փոքր հազում եմ: Չոր հազ է, ինչպես կարող եք լսել: Չեմ զգում ո՛չ հոտ, ո՛չ համ: Հուսով եմ՝ նրանք կվերադառնան: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ նման է գրիպի, պարզապես ավելի ծանր է: Բայց սա, անկասկած, սովորական գրիպ չէ:
Գիտեմ իմ մարմինը: Մարզիկն իրեն իդեալական գիտի: Նման բան երբեք չէր եղել՝ շատ ուժեղ ցավ, ճնշում կրծքավանդակիս հատվածում: Սա նոր վիրուս է: Օրգանիզմը պայքարում է թշնամու հետ, որին չի ճանաչում»,- ասել է Մալդինին:
Ծանր հիվանդ են եղել նաև Մալդինիի կինն ու ավագ որդին. Պաուլոն վստահ է՝ նրանց մոտ ևս կորոնավիրուս է եղել․
«Ումի՞ց եմ վարակվել. չգիտեմ: Կինս երկար ժամանակ մրսած էր, շատ տարօրինակ էր, նա 3 շաբաթ անցկացրեց անկողնում: Բայց դա դեռ փետրվարի կեսերին էր: Քրիստիանը՝ մեր ավագ որդին, մեզ հետ է ապրում, նա նույնպես հիվանդ էր: Նա բոլորիցս վատ վիճակում էր: Ինձ մոտ առաջին ախտանշաններն ի հայտ եկան մարտի 5-ին: Ցավ ունեի հոդերում և մկաններում: Տաքությունս 38.5 էր: Հաջորդ օրը պետք է լինեի «Միլանի» մարզաբազայում, բայց մնացի տանը: Բաց թողեցի «Ջենոայի» հետ խաղը: «Միլանի» ֆուտբոլիստներին 2 շաբաթ չեմ տեսնել: Նրանցից ոչ մեկը վարակված չէ:
Կինս ու Քրիստիանը թեստ հանձնեցին. պատասխանը բացասական էր: Բայց մենք վստահ ենք, որ նրանք արդեն պարզապես ապաքինվել են»,- խոստովանում է Մալդինին:

«Բուժվում էի պարացետամոլով. թեստ արեցի, երբ իմացա, որ ընկերս վարակվել է կորոնավիրուսով»
«Միայն տախիպիրին էի ընդունում (պարացետամոլին փոխարինող դեղամիջոց): Ոչ մի հակավիրուսային դեղամիջոց, քանի որ շնչառական խնդիրներ չունեի: Չէի կարող անմիջապես թեստ հանձնել: Սկզբում հնարավորություն չկար, քանի որ իմ ախտանշանները կարող էին սովորական գրիպի էլ լինել: Հետո ես իմացա, որ ընկերս, որի հետ հանդիպել էի փետրվարի 23-ին, վարակվել է կորոնավիրուսով, ինչպես և մեկ այլ անձ, որն ինձ հետ է աշխատում: Չգիտենք՝ ումից է ամեն ինչ սկսվել:
Ինչպե՞ս եմ հանձնել թեստը. բժիշկները եկան՝ դիմակներով, ձեռնոցներով, բայց առանց սկաֆանդրի: Դա անցած կիրակի էր: Երկու օր անց ստացանք պատասխանը՝ դրական:
Ես արդեն հասկանում էի, որ վարակվել եմ: Զգում էի, որ դա գրիպ չէ: Ընդ որում՝ ես պատվաստվել եմ գրիպի դեմ: Իհարկե, մի փոքր անհանգստանում էի: Ընկերս շնչառության հետ կապված խնդիրներ ունի, նա հիվանդանոց է տեղափոխվել, չի քնում, մղձավաջներ է ունենում … ինձ մոտ ավելի թեթև է: Ես պարզապես 18 օր կանցկացնեմ ընտանիքիս հետ»:
Դանիելն առանց խնդիրների է տանում հիվանդությունը

«Դանիելը ևս վարակվել է: Նա ևս տաքություն ու ցավեր ունի: Նա երիտասարդ է ու նա մեզ բոլորիցս թեթև տարավ: Դժվար է մեկուսանալը, երբ դու ընտանիքում ես: Մենք փորձում էինք հեռավորություն պահպանել: Ամեն մեկն իր սենյակում է քնում: Բայց միասին ենք ճաշում և ընթրում: Սովորաբար ամեն մեկս մեր գործով դրսում էինք լինում՝ մեկն աշխատանքի, մյուսը՝ մարզման: Հիմա ավելի ենք մտերմացել:
Վերջին շրջանում տղաներիս հետ մի խաղ եմ խաղում, որը դեռ նրանց փոքր տարիքում էի հորինել. պետք է գնդակով հարվածել կողպեկի մեջ դրված բանալիին: Առաջ ես միշտ հաղթում էի: Հիմա ամենավատն եմ խաղում»:
Պաուլոն խոստովանում է՝ ավելի թեթևացած է զգում, որ ծնողներն այլևս իր հետ չեն. ամենասարսափելին ծնողներին վարակելը կլիներ
«Ինձ ավելի թեթևացած զգացի, որ ծնողներս այլևս մեզ հետ չեն: Ես ամեն ինչ կտայի, որ հայրս ինձ հետ լիներ (Չեզարե Պրանդելին՝ «Միլանի» նախկին ֆուտբոլիստն ու մարզիչը, մահացել է 2016-ի ապրիլին), գոնե 5 րոպեով: Մայրս կյանքից հեռացավ հորս մահից ընդամենը 3 ամիս անց: Բայց եթե հիմա նրանք մեզ հետ լինեին, ես շատ կանհանգստանայի»:
Ֆուտբոլը պետք է ավելի շուտ դադարեցվեր, բայց մրցաշրջանը պետք է ավարտին հասցնել

«Ֆուտբոլը պետք է ավելի շուտ դադարեցվեր: Առանց հանդիսականների խաղալը դաժան է երկրպագուների ու ֆուտբոլիստների նկատմամբ: «Լիվերպուլ»-«Աթլետիկո» խաղը Մադրիդից 4 հազար երկրպագուի ներկայությամբ անցկացնելը պարզապես խելահեղություն էր. չէ՞ որ բոլորս գիտեինք, որ Մադրիդում վարակված մարդիկ կան: Երբ խաղում էին «Ատալանտան» ու «Վալենսիան» բոլորը դեռ չէին հասկանում, թե ամեն ինչ որքան լուրջ է: Հիմա ակնհայտ է, որ այդ խաղը դարձավ վարակի բռնկման պատճառներից մեկը Բերգամոյում:
Առաջնությունը պետք է ավարտին հասցնել, և այն ավարտին կհասցվի: Բայց ե՞րբ: Հիմա ոչ ոք չի կարող դա ասել: Հասկանում եմ, որ մարդկանց համար դա տոն կլիներ: Բայց առանց կոնտակտի հնարավոր չէ ոչ միայն խաղալ, այլև՝ մարզվել:
Եվ բոլոր թիմերը պետք է մեկնարկեն նույն պայմաններում: Շատերը հիմա մեծ խնդիրներ ունեն, օրինակ՝ «Սամպդորիան»: «Յուվենտուսում» ևս կան վարակված ֆուտբոլիստներ: Չի կարելի շտապել: Չի կարելի երկու օրում ապաքինվել: Բոլոր ֆուտբոլիստները պետք է ժամանակ ունենան վերականգնվելու, մարզվելու համար: Խաղերի վերսկսումից առաջ նվազագույնը 2 շաբաթ է անհրաժեշտ նախապատրաստության համար: Ֆուտբոլում նվազագույն տարբերություն կա սովորական խաղացողի և աստղի միջև՝ մոտ 10 տոկոս: Այնպես որ, ժամանակ է անհրաժեշտ»:
Վիրուսը կփոխի իտալացիներին

«Ինձ թվում է՝ իտալացիներն իրենց ճիշտ են պահում: Մենք ունենք մեր թերությունները, բայց դժվար պահերին մենք էգոիստ չենք: Նայեք, թե որքան բժիշկ է կամավոր դարձել: Որքան ուսուցիչներ են սկսել օնլայն դասընթացներ անցկացնել: Մենք մեզ ավելի վատն ենք համարում արտասահմանցիներից, բայց դա այդպես չէ: Ավելի լավ է հերթ կանգնել սննդի համար, քան՝ զենքի, ինչպես դա անում է ԱՄՆ-ն: Ես նկատել եմ, որ այլևս չեն երգում պատշգամբներում: Բոլորը հասկացել են, որ ամենակարևորը կյանքեր փրկելն է:
Վիրուսը մեզ կփոխի: Մարդիկ կվերաիմաստավորեն իրենց հարաբերությունները: Մեզ հիմա շատ է պակասում այն, ինչ առաջ սովորական էր՝ ընկերների հետ ընթրիք, սիրելիների հետ գրկախառնություններ: Մենք այս ամենը շատ ավելի շատ կսկսենք գնահատել: Հնարավոր է՝ բոլորը չփոխվեն, բայց կարծում եմ՝ մեծամասնությունը կփոխվի: Նույնիսկ նրանք, ովքեր չէին կարող դա պատկերացնել»:
Մալդինին վճռորոշ գործողությունների է սպասում իշխանություններից և գովում է Թրամփին
«Միլանը կվերադառնա: Այն միշտ վերածնվել է: Բայց էպիդեմիայից հետո շատ դժվար կլինի: Տնտեսությունը, փոքր բիզնեսը գրեթե ոնչնչացած կլինեն: Քաղաքական գործիչները հսկայական աշխատանք են կատարում: Համոզել մարդկանց, որ ամեն ինչ լավ կլինի: Ես չեմ սիրում Թրամփին, բայց նա հասկացավ, որ պետք է հանգստացնել ամերիկացիներին, նրանց համար երաշխավորել աշխատավարձերի մեծ մասը:
Մեկ բան է նստել տանը՝ իմանալով, որ կա մի բան ինչի համար դու ապրում ես, մեկ այլ բան է ոչ մի երաշխիք չունենալ: Իշխանությունները պետք է դա հասկանան և հնարավորինս արագ այդ մասին տեղյակ պահեն բնակչությանը»,- եզրափակել է իր խոսքը Պաուլո Մալդինին: