Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալևի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․
«Հանդիպումը սկսեցինք բավականին կարգապահ և ագրեսիվ։ Ստեղծեցինք պահեր, բայց հետո մի փոքր տեմպը նվազեց, կարծում եմ՝ խփած գոլի պատճառով։ Մենք միշտ ավելին ենք ցանկանում։ Այդքան էլ գոհ չեմ ստաբիլությունից, պետք է աշխատենք այդ ուղղությամբ։
Հուսով եմ, որ վնասվածք ստացած ֆուտբոլիստները շուտ կապաքինվեն։ Նոր տրանսֆերներ դեռ չենք սպասում։
Կառանձնացնեմ ամբողջ թիմին, թիմը լավ խաղաց»,- ասել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսպիսով, «Ուրարտուն» երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկի» հետ: