ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանն ընդառաջ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը հանդիպել են լրագրողների հետ:
Հիշեցնենք՝ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել:
«Մրցաշրջանի ավարտից հետո տղաներին ուղղակի ասացի, որ գնում ենք հանգստանալու, իսկ հետո արդեն սկսվեց նոր մրցաշրջանի հետ կապված աշխատանքները. եկան նոր ֆուտբոլիստներ, գրեթե նոր թիմ հավաքեցինք: Նոր խաղացողների ադապտացիոն գործընթացը շարունակվում է: Անկասկած, պետք է խաղալ, ամրապնդել կապերը, ժամանակը քիչ է, բայց մենք դրա համար ամեն ինչ անում ենք: Յուրաքանչյուր խաղից առաջ մեր առջև դնում ենք ամենամեծ խնդիրները, ճնշումներ միշտ կան, բայց մենք ունենք նպատակներ հնարավորինս առաջ գնալու համար»,- ասել է Գունկոն:
Մարզիչը պատասխանել է նաև ռուս ֆուտբոլիստների՝ արտագնա խաղերին մասնակցելու հետ կապված խնդիրների մասին հարցին:
«Մենք հասկանում էին, որ հավանականություն կա, որ ռուս ֆուտբոլիստները վիզա չեն ստանա: Կազմի ընտրության հարցում փորձել էինք դա հաշվի առնել: Երբ հաստատվեց, որ նրանք չեն մասնակցելու, դաշտ դուրս բերեցինք ամենախաղացած կազմը: Արդյունքը տեսաք ինքներդ: Վաղը մեզ շատ կարևոր խաղ է սպասվում, որին լրջորեն ենք տրամադրվել: Ներդրել ենք բոլոր ուժերն ու պատրաստվում ենք»:
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյին հարց է ուղղվել նաև երևանյան ակումբի երիտասարդ խաղացողների մասին. «Դա իսկապես կարևոր պահ է ամբողջ հայկական ֆուտբոլի համար: Հնարավորություն ունենալ տեսնել հայ խաղացողներին, այնպես անել, որ նրանք հավատան՝ կարող են խաղալ միջազգային մակարդակում: Այո, սա Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլն էր, բայց եթե տեսնեիք, թե ինչպես էին անհանգստանում, ինչ էմոցիաներ ունեին: Ընդ որում, խոսքը միայն հայ ֆուտբոլիստների մասին չէ, այլև լեգեոներների, որոնք առաջին անգամ էին խաղում այդպիսի մակարդակում: Այդ փորձառության կարևորությունը հայ երիտասարդ խաղացողների համար շատ կարևոր է: Հպարտ եմ մեր ակադեմիայով և սաներով»: