Շվեյցարիայի ֆուտբոլի ասոցիացիան (SFV) հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի, ինչպես նաև նրա օգնական Ջորջիո Կոնտինիի հետ համագործակցությունը շարունակելու մասին։
Ինչպես հայտնում է ասոցիացիայի մամուլի ծառայությունը, հուլիսի 15-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, որում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի Յակինի և Կոնտինիի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։ Այս պահին չի բացահայտվում, թե քանի տարով է նախատեսված նոր համագործակցությունն այս մասնագետների հետ։
Հիշեցնենք, որ Յակինը Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին։ Այս ընթացքում 49-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ 17 հաղթանակ տանելով, 13 անգամ ոչ-ոքի խաղալով, կրելով 9 պարտություն։ Եվրո 2024-ում Յակինի թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։