Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալուց հետո իր հասցեին հնչած քննադատությունների մասին:
«Երբ դու հպարտ անգլիացի ես և ինչ-որ բան անում ես քո երկրի համար, բայց քեզ փոխադարձ գնահատված չես զգում և քեզ անդադար քննադատում են, դժվար է։ Եթե չլինեի գլխավոր մարզիչ, ապա կնայեի հանդիպումը և երկրպագուների պես կնշեի մեր հաղթանակները։ Մենք շատ առումներով հարազատ հոգիներ ենք, բայց ես եմ այն մարդը, որը պետք է գլխավորի Անգլիան։ Երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում հայտնվելը յուրահատուկ բան է: Թիմին աջակցող երկրպագուները հիանալի էին։ Ուրախ եմ, որ կարողացանք նրանց նման գիշեր պարգևել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչ խաղում Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հետ։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին ժամը 23։00-ին՝ Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում