«Բարսելոնան» իր սոցիալական ցանցերից հեռացրել է վինգեր Ժոաո Ֆելիշի և պաշտպան Ժոաու Կանսելուի՝ ակումբից հեռանալու մասին հայտարարությունը։
Երկու ֆուտբոլիստներն էլ նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես են եկել կատալոնական ակումբում:
Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, «Բարսելոնան» հեռացրել է նրանց հեռանալու մասին հայտարարությունը, քանի որ ցանկանում է թիմում պահել երկու ֆուտբոլիստներին։ Իր հերթին, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ բանակցություններ են տեղի ունեցել նրանց գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ երկու ֆուտբոլիստներին էլ հաջորդ մրցաշրջանում թիմում պահելու համար:
Ակումբը կփորձի ձևակերպել ֆուտբոլիստների տրանսֆերներն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հիշեցնենք, որ Ֆելիշի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»։ Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է։
«Բարսելոնան» այսօր պաշտոնապես հայտարարել է նաև 33-ամյա ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։