Տիգրան Բարսեղյանը գործող պայմանագիր ունի «Սլովանի» հետ և պատրաստվում է նոր մրցաշրջանին։ Սլովակիայի չեմպիոնը հայտարարություն է տարածել կապված Բարսեղյանի՝ թիմը լքելու վերաբերյալ լուրերի հետ։
«Այսօր երեկոյան Սլովակիայի մարզական որոշ կայքերում Կիպրոսից տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Բարսեղյանը կհեռանա «Սլովանից»։ «Սլովանը» հերքում է այս տեղեկությունը։
Ակումբը Տիգրան Բարսեղյանի հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 օրացուցային տարվա ավարտը։ Այս պահին մենք այլ ակումբի հետ չենք բանակցում նրա տրանսֆերի շուրջ։ Տիգրանը թիմի հետ մասնակցում է Ավստրիայի ուսումնամարզական հավաքին և պատրաստվում է նոր մրցաշրջանին։
Բացի այդ, ակումբը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ՝ երկարաձգելու նրա գործող պայմանագիրը, որն ավարտվում է ընթացիկ օրացուցային տարվա վերջում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ կիպրոսաբնակ լրագրող Կոստաս Պլացիկասը գրել էր, որ «Օմոնիան» մոտ է «Սլովանի» հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանի հետ պայմանագիր կնքելուն։