Խորվաթիայի հավաքականը հերոսաբար պայքարում էր Իտալիայի դեմ, թեպետ ամբողջ երկրորդ կեսում մի կերպ էր խուսափում գնդակ ընդունելուց: Բայց շատերը մոռացել են, որ տարիներ շարունակ «շախմատավորները» հենց այսպիսի խաղ ցուցադրելով են հասել ԱԱ եզրափակիչ ու կիսաեզրափակիչ:
Իտալիայի հետ խաղում էլ ամեն ինչ դասավորվեց խորվաթական սցենարով. 11-մետրանոց, գոլ ու բարեհաջող պաշտպանություն: Սակայն Դալիչին ու իր տղաներին չբավարեց ընդամենը 6 (!!!) վայրկյան՝ սենսացիա իրագործելու համար. Ձականյին փոխեց ֆիգուրների դասավորությունը շախմատի տախտակի վրա՝ բառի ուղիղ իմաստով: Խորվաթիան, 4 միավորով քեֆ անելու փոխարեն, հաշվիչը ձեռքին մաթեմատիկական հաշվարկներ է անում, որից կպտտվեր նույնիսկ Պյութագորասի գլուխը: Պյութագորասինը, գուցե, բայց ոչ՝ մերը:
Այս պահին բալկաններն ունեն ընդամենը 2 միավոր: Նայելով երրորդ տեղով հաջորդ փուլ դուրս եկող թիմերի ձևավորած մրցաշարային աղյուսակին, կարելի է մտածել` վերջ` Խորվաթիան արդեն դուրս է մնացել։ Բայց ոչ, դեռ ամեն ինչ կորած չէ, Խորվաթիան դեռ շանսեր ունի: Ճիշտ է՝ -3 գոլերի տարբերությունը մեծ խոչընդոտ է։
Հասկանանք՝ ի՞նչ ձևաչափով և չափանիշներով Մոդրիչենք կարող են խաղալ 1/8 եզրափակիչում:
Նախ հիշեցնենք` երրորդ տեղը զբաղեցրած 4 լավագույն թիմերը դուրս կգան փլեյ—օֆֆ: Բնականաբար, առաջնահերթ նայում են միավորների քանակին, եթե դրանք հավասար են, ապա գնում են հետևյալ ցուցանիշներով.
● գոլերի տարբերություն
● խփած գոլեր
● հաղթանակներ
● արդար խաղի միավորների ամենացածր թիվը (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար)
● թիմային դիրք՝ ընտրական մրցաշարի ընդհանուր վարկանիշում։
Խորվաթիան դեռ մաթեմատիկական շանսեր ունի։ Այո, այժմ խորվաթները երրորդ տեղերի աղյուսակում հինգերորդն են։ Բայց կա մի սցենար, որով Խորվաթիան կբարձրանա լավագույն քառյակ:
Շատ բան պետք է տեղի ունենա դրա համար․
1. Դանիան հաղթանակ տանի Սերբիայի նկատմամբ (որպեսզի սերբերը մնան մեկ միավորով) կամ Սերբիայի հաղթանակը Դանիայի նկատմամբ 3:0 (որպեսզի երկու միավոր ունեցող դանիացիները ունենան -3 տարբերություն ավելի քիչ խփած գոլերով: Այս պահին 2 խաղում ունեն 2 գոլ):
2. Անգլիայի հաղթանակ Սլովենիայի նկատմամբ՝ 3 և ավելի գնդակի առավելությամբ (որպեսզի սլովեններն այլևս միավորներ չվաստակեն, տարբերությունը վատթարացնեն և միևնույն ժամանակ Խորվաթիայից ավելին չխփեն. խորվաթները 3 խաղում 3 գոլ են խփել, սլովենացիները՝ 2 խաղում` 2);
3. Թուրքիայի հաղթանակ Չեխիայի նկատմամբ (որպեսզի չեխերը մնան 1 միավորով, ոչ—ոքիի դեպքում չեխերը տարբերությամբ ավելի լավը կլինեն խորվաթներից` -1):
4. Պորտուգալիայի հաղթանակ Վրաստանի նկատմամբ (որ վրացիները մնան 1 միավորով. ոչ—ոքիի դեպքում վրացիները տարբերությամբ ավելի լավը կլինեն խորվաթներից. ունեն -2):
Այս և միայն այս սցենարով, երբ բոլոր միավորները համընկնեն, Խորվաթիան երրորդ տեղերի վարկանիշով դուրս կգա փլեյ—օֆֆ: Ուրիշ ճանապարհ ուղղակի չկա։
Խորվաթիայի հույսն այն է, որ երրորդ տեղերը C (Անգլիա, Դանիա, Սլովենիա, Սերբիա) և F (Պորտուգալիա, Թուրքիա, Չեխիա, Վրաստան) խմբերում կզբաղեցնեն այն թիմերը, որոնց ցուցանիշները նույնիսկ ավելի վատն են, քան Խորվաթիայի 2 միավորը և -3 տարբերությունը 3 գնդակով:
Այս հեքիաթի վիճակագրական շանսը գնահատվում է 2,65 տոկոս:
Ռոբերտ Գասպարյան