Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի իր հերթական պարտությունը կրեց։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Լյուբլյանայում չկարողացավ առավելության հասնել Սլովենիայի նկատմամբ և պարտվեց 1-2 հաշվով։ Թեպետ խաղը կրում էր ընկերական բնույթ և արդյունքի վերաբերյալ հավաքականին ու մարզչին խիստ դատելու անհրաժեշտություն չկա, բայց չոր փաստերն ու թվերն այլ ելք չեն թողնում. մեր թիմը շարունակում է մնալ առանց հաղթանակների արդեն գրեթե 1 տարի։
Ներկայացնում ենք Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների գնահատականները Սլովենիայի հետ խաղում՝ ըստ ArmSport-ի։
Օգնյեն Չանչարևիչ — 6,5
«Նոայի» դարպասապահն, ինչպես միշտ, անձնուրաց ու նվիրված ֆուտբոլ ցուցադրեց։ Բաց թողած գոլերում, գործնականում, դարպասապահի մեղքը չկար. երկու դեպքում էլ ձախողվեցին պաշտպանական գծի ֆուտբոլիստները։ Առաջին խաղակեսում Օգնյենն իր բարձրության վրա էր, երբ կարողացավ կրկնակի սեյվով փրկել իր թիմին վերահաս գոլից։ Հիմնականում հենց այդ սեյվը թույլ տվեց ընդմիջման գնալ 0-1 հաշվով և երկրորդ խաղակեսում տղաներին լինել մոտիվացված։
Ստյոպա Մկրտչյան — 6
«Օսյեկի» կենտրոնական պաշտպանի խաղում նույնպես աճ է գրանցվել։ Բայց իմպուլսիվությունը ոչ մի տեղ չի գնացել՝ Ստյոպան երբեմն թողնում էր իր դիրքը և գնում իր «հսկողության» տակ գտնվող ֆուտբոլիստի հետևից, ինչի պատճառով առաջանում էին ճեղքեր։ Բաց թողած առաջին գոլում Մկրտչյանը դիրքային սխալ պայքար մղեց, քանի որ Հարոյանը մի փոքր առաջ էր գնացել։ Հենց նրա գլխից անդրադարձած գնդակը հայտնվեց Յան Մլակարի մոտ, որն էլ գրավեց մեր դարպասը։ Երկրորդ գոլի ժամանակ արդեն Ստյոպան ու թիմակիցները տարվել էին գրոհներով ու մրցակցի հակագրոհը բաց թողեցին։ Ստյոպան շատ էր գնացել առաջ ու փորձեց սահանկմամբ հեռացնել գնդակը։ Հնարքը չհաջողվեց ու հանգեցրեց գոլի։
Վարազդատ Հարոյան — 7
Մեր ընտրանու ավագը խաղաց իր հնարավորությունների սահմանում։ Ակնհայտ երևում է Վատոյի խաղային աճը Չինաստան տեղափոխվելուց հետո։ Թեպետ որոշ դրվագներում դաշտում խաղում էր նախկին Հարոյանը, որը, երբեմն, տրվում էր էմոցիաներին ու գնում էր մանր միկրոմենամարտերի, բայց իրականում մենք դաշտում տեսանք ավելի հասուն Հարոյանի, որը նույնիսկ իր գոլով հավասարեցրեց հաշիվը։ Պաշտպանությունում Վարազդատը մեկ երկու բացթողում արեց, մասնավորապես՝ երկրորդ գոլի դրվագում հենց նրան շրջանցեց Իլիչիչը և գրավեց մեր դարպասը։
Գեորգի Հարությունյան — 6,5
Մեծագույն ցանկության դեպքում էլ Հարությունյանին բարձր գնահատական դնել հնարավոր չի լինի, որովհետև մեր ընտրանին երկու գնդակ է բաց թողել։ 11-րդ րոպեին, երբ Սլովենիան բացեց հաշիվը, Հարությունյանը մնաց իր տեղում, չմանևրեց, բայց ցատկելուց ուշացավ, չհասավ երկրորդ հարկում իր ուղղությամբ եկող գնդակին, ինչից հետո Ստյոպա Մկրկտչյանը մտավ պայքարի մեջ, և դրանից հետո գնդակը հայտնվեց ցանցում։ Երկրորդ գոլի դրվագում Հարությունյանը պասիվ էր, որովհետև գնդակն իր ուղղությամբ չհասավ նույնիսկ։
Նաիրի Թիկնիզյան — 6
Թիկնիզյանի լավագույն հանդիպումներից չէր։ Մրցաշրջանի ընթացքում կուտակված հոգնածությունը զգացվում էր։ 5 պաշտպանով սխեմայում Նաիրն իրեն շատ լավ է զգում, աշխատում է եզրի ամբողջ երկայնքով։ Առաջին կեսում նա հիմնականում պաշտպանվում էր՝ հատուկ դեպքերում միայն միանալով գրոհներին։ Այդ միացումները սրություն հաղորդում էին, բայց դրանից ավելին նա անել չկարողացավ։ Երկրորդ կեսում Թիկնիզյանը փոխարինվեց, բայց մինչև այդ հենց նրա դիրքային սխալից եկավ Սլովենիայի գոլը։ Մրցակցի սրող փոխանցման պահին նա լրիվ «մերկ» էր թողել իր եզրը, որտեղից Իլիչիչն անարգել մտավ տուգանային հրապարակ ու գնդակահարեց Չանչարևիչին։
Կամո Հովհաննիսյան — 6
Առաջին կեսում Կամոն մեծ ծավալի աշխատանք կատարեց։ «Արարատ-Արմենիայի» պաշտպանը, իհարկե, հիմնականում պաշտպանվում էր։ Սլովենիայի հավաքականի մարզչական շտաբն ուսումնասիրել էր մեր պաշտպանների ուժեղ և թույլ կողմերը և առաջին խաղակեսում թիրախավորել էր հենց Հովհաննիսյանի եզրը։ Կամոն շնչելու հնարավորություն քիչ էր ստանում, միշտ փորձում էր ուշադիր լինել։ Որպես այդպիսին, Կամոն լուրջ սխալներ թույլ չտվեց, բայց իր լեգենդար անցումներով էլ աչքի չընկավ։
Էդուարդ Սպերցյան — 6,5
Էդոյից մենք միշտ ավելին ենք սպասում։ Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո հենց Սպերցյանն է դարձել մեր ընտրանու միջին գծի առաջատարը։ Հանդիպման երկրորդ կեսում, երբ մեր հավաքականը հանդես էր գալիս նախաձեռնողի դերում, Սպերցյանը լավ փոխանցումներ էր կատարում եզրեր, որտեղ ակտիվ էին թիմակիցները։ Բացի դրանից, Սպերցյանի մոտ ստացվում էին ստանդարտ դիրքերից փոխանցումները։ Բայց նրան շարունակում է պակասել վստահությունը, նկատվում է լարվածություն՝ պատասխանատվության զգացումը մեծ է։ Դրանց թոթափելու դեպքում մենք կունենանք միջին գծի և, առհասարակ, հավաքականի իսկական առաջատար։
Արտակ Դաշյան — 6
Հայաստանի նորընծա չեմպիոնը նոր է լիարժեք ապաքինվել ուսի ծանր վնասվածքից։ Դաշյանը փորձում էր փակել կենտրոնական կիսապաշտպանի գոտին, թեպետ մինչև վնասվածք ստանալը արդեն «Նոայի» կիսապաշտպանը Պետրակովի թիմում փակում էր աջ եզրը, գործում էր որպես ֆուլբեք։ Բայց Կամո Հովհաննիսյանը մարզավիճակ հավաքեց, ու ունիվերսալ Դաշյանը տեղափոխվեց կենտրոն, որտեղ խաղում էր նաև «Փյունիկում»։ Բայց տարիքային տեսանկյունից երևում էր՝ արագ մրցակիցների դեմ Դաշյանը չէր հասցնում։ Բաց թողած գոլերի ժամանակ դա լավ երևաց, երբ Արտակը ուշ էր արձագանքում մրցակցի թելադրանքներին։
Արթուր Սերոբյան — 7
«Արարատ-Արմենիայի» վինգերը խաղից խաղ ավելացնում է։ Այս ընկերական խաղում մեկնարկային րոպեներից հենց Սերոբյանը շանս ստացավ, որովհետև ներքին առաջնությունում նրա ցուցադրած խաղն ամենավառն էր։ Սերբոյանը դաշտում անցկացրեց 67 րոպե։ Առաջին կեսում գրոհելու շատ հնարավորություն չկար, բայց փոխարենը երկրորդ կեսի առաջին 20 րոպեների ընթացքում Սերոբյանը գերազանց խաղ ցույց տվեց, արագացումներ գրանցեց, սրեց խաղը եզրերում, ստիպեց մրցակցին խաղալ ուժերի ամբողջ լարումով։ Մի փոքր Թիմային ֆուտբոլ խաղալու դեպքում Սերոբյանը ևս կդառնա մեր հավաքականի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկը։
Էդգար Սևիկյան — 6,5
Տիգրան Բարսեղյանի, Լուկա Սելարայանի, Բրիասկո Բալեկյանի ու Սարգիս Ադամյանի բացակայությամբ դաշտում Էդգար Սևիկյանը ստանում է հետաքրքիր հանձնարարություներ։ Չեխիայի նախորդ ընկերական խաղում Էդգարը գրեթե միշտ հայտնվում էր կեղծ «9» համարի դիրքում, ինչն էլ արդյունք բերեց։ Այս անգամ Սևիկյանը մաքուր աջ եզրային հարձակվող էր։ Նրա գործողություններում ավելի քիչ սրություն կար։ «Ֆերենցվարոշի» կիսապաշտպանը ևս գնում էր խաբքերի, բայց դրանք քիչ արդյունք էին տալիս։ Ակումբում Սևիկյանը շատ է դիմում հեռահար հարվածների՝ իր կախարդական ձախ ոտքով, բայց հավաքականում նա մի տեսակ քաշվում է ու կարևոր պահին որոշում է փոխանցել։ Համարձակությունը պակասում է։
Արթուր Միրանյան — 6
Հայաստանի հավաքականն իր գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում միշտ էլ ունեցել է լավ կենտրոնական հարձակվողի կարիք։ Երբ Յուրա Մովսիսյանը միացավ մեր թիմին, հույս ծնվեց, որ առաջին ծիծեռնակի գալուց հետո իրավիճակը կփոխվի, բայց Յուրայի նման «գիշատիչ» հարձակվող մենք մինչև հիմա այդպես էլ չունեցանք։ Ռանոսը դեռևս երիտասարդ է և ունի խաղային պրակտիկայի խնդիր, Բրիասկոն ու Ադամյանը հավաքականի շապիկը հենց կրում են, դառնում են այլ մարդ, և կորչում է նրանց ամբողջ վարպետությունը։ Միրանյանը թվարկված ֆուտբոլիստներից տարբերվում է բացառապես իր նպատակասլացությամբ ու արդյունավետությամբ։ Հավաքականում նա շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում, բայց հիմնականում մնում է առանց գնդակի։ Սլովենիայի հետ հանդիպման առաջին կեսում նա ունեցավ աչքի ընկնելու 1-2 հնարավորություն, բայց ոչ ավելին։
Փոխարինման մտած ֆուտբոլիստներ — 5,5
Երկրորդ կեսում Ալեքսանդր Պետրակովը դաշտ դուրս բերեց Վահան Բիչախչյանին, Ժիրայր Շաղոյանին, Հովհաննես Հարությունյանին, Գևորգ Տարախչյանին, Դավիդ Դավիդյանին ու Էդգար Գրիգորյանին։ Վերջին երկուսը քիչ խաղաժամանակ ստացան, և նրանց խաղին գնահատական տալը բարդ է։ Տարախչյանի համար սա նորամուտ էր։ «Ուրարտուի» ֆուտբոլիստը մեծ հաշվով ոչինչով աչքի չընկավ, բայց զգաց հավաքականի համն ու հոտը։ Հովհաննես Հարությունյանը փոխարինեց Արտակ Դաշյանին, բայց ֆունկցիոնալ առումով քիչ բան տվեց մեր թիմին։ Առավել ակտիվը փոխարինման դուրս եկածներից Ժիրայր Շաղոյանն էր։ Նա մի քանի անգամ լավ արագացավ ձախ թևում, բայց բոլոր դեպքերում մրցակիցը կարդում էր մեր տղաների գործողությունները և հասցնում փակվել։ Վահան Բիչախչյանն էլ դաշտ դուրս գալով լուրջ սրություն չհաղորդեց խաղին։
Հավաքականի առաջիկա խաղը հունիսի 7-ին է։ Մեր մրցակիցը կլինի Ղազախստանի հավաքականը։
Ռոբերտ Գասպարյան