Ակումբային մրցաշրջանի ավարտից հետո հերթն է միջազգային դադարի։ Նախ թիմերը կանցկացնեն բազմաթիվ ընկերական հանդիպումներ, այնուհետև կսկսվի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը, ցավոք, դեռևս չի կարողացել նվաճել հին աշխարհամասի գլխավոր ստուգատեսի ուղեգիր, բայց, բնականաբար, անմասն չի մնում միջազգային դադարից և կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Առաջին հանդիպումն արտագնա է, մրցակիցը Սլովենիայի ընտրանին է։ Դրան կհաջորդի արդեն երևանյան խաղ, որտեղ մեր թիմը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։
Առաջիկա երկու խաղերից առաջ մտորելու բազմաթիվ առիթներ կան։ Փորձենք գնալ հերթով, շարքով ու կարգով։
Մրցակիցների ընտրությունը
Իր նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ Ալեքսանդր Պետրակովը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի հետ ոչ բոլորն են ցանկանում ընկերական հանդիպումներ անցկացնել։ Իհարկե, ուկրաինացի մասնագետից բացատրություն ակնկալելը ժամանակի անիմաստ վատնում է։ «Դա իմ կարծիքն է» — սա է եղել ու լինելու նրա պատասխանը։ Սլովենիայի ու Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումների համաձայնեցումը մի կողմից հաստատում է Պետրակովի պնդումը, մյուս կողմից՝ հերքում։ Ղազախստանի թիմի հետ մենք գրեթե ամեն տարի գոնե 1 հանդիպում անցկացնում ենք։ Չնայած հանդիպումների անցկացման ինտենսիվությունը ավելի է նվազում, քանի որ Ղազախստանի հավաքականը վերջին տարիներին հսկայական աճ է գրանցել մինչև վերջին տուրը պայքարում էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար, սակայն մի փոքր չբավարարեց։
Ղազախստանի հավաքականի՝ որպես ընկերական խաղի մրցակից ընտրության հարցում մեր նախկին մարզիչները միաբերան պնդել են մի փաստ՝ «խաղաոճերով ու ընկալումներով մենք շատ նման ենք»։ Այո, մենթալիտետը ֆուտբոլում ունի հսկայական նշանակություն, մինչդեռ խաղաոճերը տարբեր մասնագետների օրոք թիմերը տարբեր կերպ են հանդես գալիս։
Սլովենիայի ՖՖ-ի հետ բանակցություններ վարելու և հավաքականը որպես մրցակից ընտրելու մոտիվացիան Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունից առաջ սեփական ուժերի գնահատումն է։ Սլովենիաի հավաքականը Եվրոյի իր ընտրական խմբում գրավեց երկրորդ տեղը և ստացավ բաղձալի ուղեգիրը, որին սպասում էր ավելի քան 20 տարի։ Ուժեղ մրցակցի հետ խաղալը թույլ է տալիս ֆուտբոլիստներին խաղալ լրացուցիչ մոտիվացիայով, ցույց տալ լավագույն կողմերը, մանավանդ այս փուլում, քանի որ ամառ է՝ տրանսֆերային պատուհանը բաց է, կարելի է լավ դրսևորվել ուժեղ մրցակցի հետ խաղում ու լավ տրանսֆեր վաստակել։
Սլովենիայի գործոնը պետք է հաշվի առնել հակառակ տեսանկյունից ևս։ Այս հավաքականը պատրաստվում է ԵՎՐՈ-ին, որի ընթացքում պետք է մրցի Դանիայի, Սերբիայի և Անգլիայի հետ։ Սովորաբար, մեծ մրցաշարերից առաջ թիմերը տարբեր կերպ են անցնում նախապատրաստական փուլը։ Սլովենիան նախընտրել է որպես մրցակից վերցնել թիմերի, որոնց հաղթելն ավելի հեշտ կլինի։ Բացի Հայաստանից, մինչև ԵՎՐՈ-ն, Սլովենիան կմրցի նաև Բուլղարիայի ընտրանու դեմ։ Ե՛վ Հայաստանը, և՛ Բուլղարիան այս պահին մոտավորապես նույն մակարդակի ու ճգնաժամային փուլը հաղթահարելու վրա են։ Կարևոր խաղերից առաջ Սլովենիային չէր խանգարի ուժ ու վստահություն ձեռք բերել։
Այս ամենը նշանակում է, որ Ալեքսանդր Պետրակովը շատ չի սխալվել՝ արտահայտելով այն միտքը, որ Հայաստանի հետ խաղալու ցանկացողները շատ չեն։ Բայց, միևնույն ժամանակ, հարց է ծագում՝ ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի հետ խաղալ չեն ցանկանում։ Միակ քիչ թե շատ հարմար պատճառը մեր թիմի ելույթն է։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը հաղթել է գրեթե 1 տարի առաջ՝ տնային խաղում առավելության հասնելով Լատվիայի նկատմամբ։ Դրանից հետո մեր տղաները 8 անգամ դաշտ են դուրս եկել, որոնցից 6-ի դեպքում դաշտից հեռացել են գլխիկոր։ Իսկապես, նման վիճակագրություն ունեցող մրցակցի դեմ խաղալու ցանկություն ոչ միշտ է լինում։ Բայց սա ունի պատճառահետևանքային կապ. նման արդյունքներ ու հանդիպումների վիճակագրություն մեր հավաքականը գրանցել է հենց Պետրակովի օրոք։ Պարզ հայերենով ստացվում է հետևյալը. «մարդիկ ընկերական հանդիպումներ են անցկացնում փորձարկումներ անելու և ուժեղանալու համար։ Անիմաստ դաշտ դուրս գալու իմաստ չկա»։
Իկարդի ≠ Բարսեղյան և մյուսները
Ոչ մի կերպ հնարավոր չէ շրջանցել Հայաստանի հավաքական չհրավիրված ֆուտբոլիստներին։ Եթե Խորեն Բայրամյանի և նրա ելույթների մասին կարծիքները կարող են հակասական լինել, ապա Տիգրան Բարսեղյանին հավաքական չհրավիրելու դիտարկումները չեն մտնում որևէ տրամաբանության մեջ։ Վերջերս համացանցում հայտնվել էր դիտարկում, ըստ որի Մաուրո Իկարդին ևս երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական՝ ունենալով գերազանց մարզավիճակ։ Իկարդիի ու Բարսեղյանի համեմատությունն անիմաստ է առնվազն 3 պատճառով.
- Իկարդին հավաքական չէր հրավիրվում մի քանի մարզչի օրոք
- Մաուրո Իկարդին չուներ որևէ կոնֆլիկտ մարզիչների հետ։ Հավաքական չհրավիրվելու պատճառը Մեսսիի հետ տարաձայնությունն էր
- Իկարդիին հավաքական չհրավիրելով՝ Արգենտինայի հավաքականի խաղը չէր տուժում էապես, քանի որ նրա մակարդակի այլ հարձակվողներ «Ալբիսելեստեն» միանշանակ ուներ։
Մեր պարագայում, Բարսեղյանն ունի խնդիր մարզչի հետ, չունի տարաձայնություն խաղացողների հետ (համենայն դեպս, դրա մասին չի բարձրաձայնվել)։ Բացի դրանից, Բարսեղյանի այսօրվա մակարդակի ֆուտբոլիստ Հայաստանում, երևի թե, միայն Սպերցյանն է։ Սլովակիայի ավարտված առաջնությունում Բարսեղյանը դարձավ լավագույն ռմբարկու և ասիստենտ։ Բնականաբար, առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչումը նույնպես նրանն էր։ Այս պարագայում հրաժարվել Բարսեղյանի նման ֆուտբոլիստի ծառայություններից զուտ «ես այդպես եմ տեսնում» կամ «համբերեք՝ կգնամ, էլի կհրավիրվի» պատճառաբանությունը չի կարող լուրջ ընկալվել։
Այս անգամ հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել նաև իսպանախոս Բալեկյանն ու Սելարայանը։ Վերջինս հանգստանալու հնարավորություն է ստացել մարզչի կողմից, մինչդեռ Հրանտ Լեոն Ռանոսի բացակայությամբ Բալեկյանը կարող էր գալ ու ապացուցել բոլորին, որ արժանի է կրելու մեր ընտրանու մարզաշապիկը։ Բայց չեկավ։ Նույնը վերաբերվում է նաև Սարգիս Ադամյանին։ Երկու ֆուտբոլիստների բերած պատճառաբանությունն, իրականում, ավելի քան զավեշտալի է։ Նրանցից ոչ մեկը հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ, և առաջիկա հանդիպումները լուրջ շանս կարող էին լինել։
Իվուի՝ հավաքական չհրավիրվելու պատճառը վնասվածքն է, բայց նման իրավիճակներում այս «վնասվածքների» ծագումնաբանությունը և իսկությունը ստուգելն անհնար է։ Եթե հավատանք պաշտոնական տեղեկությանը, Իվուն վնասվածք ունի, բայց, ըստ շշուկների, «Ռուբինի» ֆուտբոլիստը ևս տարաձայնություն ունի Պետրակովի հետ ու համալրել է այն ֆուտբոլիստների աճող ցանկը, որոնց ջրերը մարզչի հետ մի առվով չեն հոսում։ Բարսեղյան, Բայրամյան, Ադամյան, Իվու, Ժոաո Արարատ…շարունակելի։
Նորեկներ
Պետրակովն առաջիկա խաղերի համար հավաքական է հրավիրել մի քանի նոր ֆուտբոլիստների, որոնք հավաքականի երկրպագուներին քիչ են ծանոթ։ Մասնավորապես, բոլորի ուշադրության կենտրոնում 18-ամյա Անդրանիկ Հակոբյանն է։ Իսպանիայում ծնված ֆուտբոլիստը պաշտպան է, հաջողությամբ խաղում է կենտրոնական գոտում, տիրապետում է առաջին լավ փոխանցման։ Այս տարվա փետրվարից Անդրանիկը ներկայացնում է «Վալենսիան»՝ տեղափոխվելով «Էլչեի» համակարգից։ Այս խաղացողի՝ հավաքական հրավիրելու պայմանները հասկանալի են՝ մարզվել մեծահասակ և ուժեղ ֆուտբոլիստների հետ, զգալ հավաքականի շունչը։
Դարձյալ հրավեր են ստացել Սերգեյ Մուրադյանն ու Էդգար Գրիգորյանը։ Որքա՞ն խաղաժամանակ կստանան նրանք, հայտնի չէ։ Լավ նորությունների շարքից է Գոռ Մանվելյանի հրավերը։ «Նոայի» ֆուտբոլիստը վերջերս կայուն խաղաժամանակ էր ստանում։ Նա ունիվերսալ է, կարող է խաղալ և՛ եզրում, և՛ կենտրոնում, և՛ «10» համարի դիրքում, անհրաժեշտության դեպքում նա կարող է փակել գրեթե ցանկացած դիրք։ Կարելի է ասել՝ նա մեր հավաքականի նոր Բայրամյանն է։ Եթե նա իսկապես հասունացել է հավաքականում խաղալու համար, սա նրա համար իդեալական շանս է։
Միևնույն ժամանակ, անհասկանալի են Գևորգ Տարախչյանին ու Էրիկ Սիմոնյանին հավաքական հրավիրելու դրդապատճառները։ Այո, երկուսն էլ երիտասարդ են, ունեն որոշակի հեռանկարներ։ Բայց եթե նայենք նրանց ակումբային մրցելույթները, կհասկանանք, որ հավաքական հրավիրվելու առիթ շատ չկա։ Գևորգ Տարախչյանը վերջին շրջանում խաղում էր հիմնականում միայն 1 խաղակես։ Այո, նա ունի լավ որակներ, բայց եզրային հարձակվող մեր ընտրանու կազմում հիմա այնքան շատ է, որ կարելի է նրանցից առանձին թիմ դուրս հանել ընկերական խաղին։
Էրիկ Սիմոնյանն էլ սկսել է լիարժեք ֆուտբոլ խաղալ միայն 1 ամիս առաջ, այն էլ ոչ այնքան Դմիտրի Գունկոյի ցանկությամբ։ Սիմոնյանը բարձրահասակ է, երկրորդ հարկում լավ է խաղում, բայց նման որակներ ունեցող պաշտպաններ ունենք։ Փոխարենը նա շատ իմպուլսիվ է, դյուրագրգիռ և կարող է ուղիղ տեղը գոլ կամ կարմիր քարտ բերել իր թիմին, ինչում համոզվել ենք երիտասարդական հավաքականի վերջին խաղում։
Անկախ ստեղծված իրավիճակից, իհարկե, պետք է հավատալ հավաքականի հաջողությանը։ Միշտ էլ լինում են իրավիճակներ, երբ մեր ընտրանին կրակում է անհնարին իրավիճակներում։ Հիշողության գիրկն ընկնել և հիշել այդ պատմական հաղթանակները պետք չէ։ Նույնիսկ Ուելսի դեմ արտագնա հաղթանակն այլևս գրված է թղթի վրա։ Առջևում նոր ու պատասխանատու շրջան է, որին պատրաստվելու համար նախ պետք է վերադառնալ հաղթական ուղի՝ գոնե ընկերական խաղերում։
Ռոբերտ Գասպարյան